Մայիսի 22-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բացվել է 2014թ. հունվարի 20-ի դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին, ինչպես նաև դասասենյակներից մեկն անվանակոչվել Արմենի անունով։
Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպաներ, Արմեն Հովհաննիսյանի ծնողները, զոհված այլ զինծառայողների ծնողներ, հարազատներ։
Արմենի անունով անվանակոչված դասասենյակը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Հերոսի կիսանդրու բացման ժամանակ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նշեց, որ Արմենի և նրա նման հերոս տղաների ներկայությունը միշտ զգացվելու է այդ դպրոցում, նրանց երբեք բացակա չեն դրել։
«Ես շատ երախտապարտ եմ տիկին Ռուզաննային, որ լեգենդար Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում Արմենի անվան դասասենյակ է լինելու։ Երևի Արմենի զոհվելուց օրեր անց արդեն նա որոշել էր դասարան անվանակոչել Արմենի անունով»,— Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց արիաբար զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Մարինեն։
«Արմենը դպրոցական սովորական վերջին զանգ չունեցավ, քանի որ երբ 9-րդ դասարան էր, ուսումը քոլեջում կամ ավագ դպրոցում շարունակելու հարց առաջացավ։ Արմենն ավագ դպրոցի փոխարեն նախընտրեց ընդունվել Երևանի մշակույթի պետական քոլեջ, ընտրել էր հեռուստաօպերատորի մասնագիտությունը։ Քոլեջում եղավ միջոցառում, բայց ամեն ինչ շատ արագ, չծրագրված ստացվեց այդ տարվա շրջանավարտների համար»,— հիշում է Արմենի մայրը։
Խաչքարի և կիսանդրու բացման արարողություններին հաջորդեց դպրոցի 9-րդ դասարանցիների վերջին դասի՝ Արիության դասին նվիրված միջոցառումը։
«Մենք դասեր ենք քաղում մեր հերոսների անցած ճանապարհից, նրանց ապրած կյանքից։ Մենք ունեցանք Մոնթե, ունեցանք Արմեններ ու էլի շատերին, որոնց անունները հնչում են այս դպրոցում, որովհետև մենք միայն նրանց անունով կարող ենք դաստիարակել սերունդ ու կերտել մեր ապագան», — իր խոսքում նշեց պաշտպանության նախարարը։
Սեյրան Օհանյանը նաև շնորհավորեց միջնակարգ դպրոցի շրջանավարտներին՝ հիշեցնելով. «Իսկ մեր գլխավերևի երկնքի կապույտ լինելու համար մենք՝ հայկական զինված ուժերի ներկայացուցիչներս, ամեն ինչ կանենք, ինչպես առաջներում մեր նախնիները, մեր ծնողները, ինչպես իմ սերնդակիցներն Արցախյան ազատամարտի ժամանակ և այսօր խրամատում խրոխտ հայացքով երկրի անդորրը հսկող զինվորը»։
Ավելացնենք, որ նախարար Օհանյանը խրախուսական արձակուրդ տվեց ծառայության ընթացքում աչքի ընկած երեք զինծառայողների, ովքեր եղել են Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի շրջանավարտներ։