Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 17-23 մայիսի, 2015

ՊԲ տանկային բրիգադներից մեկում գիշերային զորավարժություն է անցկացվել • ՀՀ ԶՈւ հրետանավորները ԱԹՍ են կիրառել պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու համար • Քաղպաշտպանության վարժանք՝ Տավուշի մարզում ռազմական դրության անցնելու թեմայով • Հայկական ստորաբաժանումը Տաջիկստանում գերազանց է կատարել ուսումնամարտական առաջադրանքները • ՀՀ նախագահն ստորագրել է զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիր • ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում զինծառայողները ՀՀ հաշվին կբուժվեն արտերկրում. նախագիծ • Պաշտպանության նախարարի մոտ քննարկվել են Ռազմարդյունաբերական համալիրի օրենքից բխող խնդիրները • ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում • ՊԲ հյուսիսային զորամասերում մեկնարկել են տեսչական ստուգումներ • ՀՀ-ում ՌԴ ԶՈւ զորավարժությանը մասնակցում է նաև ԱԹՍ ստորաբաժանում • Օհանյանն ընդունել է քաղաքացիների, որոնց թվում ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտի ծնողին • ԵԱՀԿ առաքելությունը դիտարկել է Հորադիզի ուղղությունը • ՆԶՊ դպրոցական օլիմպիադայի հաղթող է դարձել Արցախի թիմը • Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում բացվել է Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին • Ծառայությունը դիվերսիաներ հետ մղած դիրքերում • Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան տարեդարձն է

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելիս

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելիս

• ՊԲ տանկային բրիգադներից մեկի զինծառայողները վաշտի կազմով անցկացրել են գիշերային մարտավարական զորավարժություն: Տանկային ստորաբաժանման խնդիրն է եղել պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում ետ մղել գրոհը, կրակել նրա առաջնաեզրի վրա, ճնշել և այնուհետև հետապնդելով նրան՝ զբաղեցնել նպաստավոր դիրքեր:

• Մայիսի 6-ից 8-ը Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ժամանակ կրակի ադրյունավետության բարձրացման համար օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք:

• Մայիսի 14-ին Տավուշի մարզում ՀՀ ՏԿԱԻ նախարարությունն անցկացրել է ուսումնավարժություն, որի թեման էր «Քաղպաշտպանության միջոցառումների կազմակերպումը Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում»: Վարժանքի ընթացքում կազմակերպվել է նաև տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալում:

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

Հայաստանյան զորախմբի մարտիկը ուսումնավարժության ժամանակ

• Անակնկալ ստուգումների նպատակով մարտական պատրաստության բարձր աստիճանի բերված և մայիսի 15-ին Տաջիկստանի Հանրապետություն հասած ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հայկական ստորաբաժանումը դրսևորել է մարտական բարձր պատրաստականություն, գերազանց կատարել ուսումնամարտական խնդիրները և 20-ին վերադարձել Հայաստան:

• Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 19-ին ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ հրամանագիրը։ Զորացրումն ու զորակոչն անցկացվելու են մայիս-հուլիս ամիսներին։

• Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծի, որի ընդունման դեպքում եթե առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:

• Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի մոտ անցկացվել է քննարկում «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքից բխող միջոցառումների իրականացման խնդիրների շուրջ:

• Մայիսի 20-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստերին, որից հետո հանդիպել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, Մեծ Բրիտանիայի ցամաքային զորքերի գեներալ Ադրիան Բրադշոուին:

Տեսչական ստուգումների ընթացքը Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկում

Տեսչական ստուգումների ընթացքը Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկում

• Մայիսի 11-ից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացվում են տեսչական ստուգումներ՝ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:

• Հայաստանում մեկնարկած ուսումնավարժանքի ժամանակ ՌԴ ԶՈւ ավելի քան 150 սպա կցուցադրի իր՝ գիշերային և ցերեկային ժամերին, արտակարգ շոգ եղանակային պայմաններում, ծովից 1500-ից 2000 մետր բարձրության վրա ռազմական մեքենաներ վարելու, զենքին և ռազմական տեխնիկային տիրապետելու հմտությունները: Զորավարժանքին մասնակցում են նաև անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման հրամանատարներ:

• Մայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է նախապես ցուցակագրված մի խումբ քաղաքացիների, որոնց թվում նաև հունվարի 29-ին  ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական իսնտիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադի Բարսեղյանին, ով պաշտպանության նախարարի մոտ էր եկել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մասին տեղեկություններ ստանալու նպատակով: Ընդունելության ավարտին Արկադի Բարսեղյանը համոզմունք է հայտնել, որ որդու սպանությանն առնչվող որևէ մեկն անպատիժ չի մնալու:

• Մայիսի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

• Մայիսի 19-ից 21-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացել է «Նախնական զինվորական պատրաստություն և անվտանգ կենսագործունեություն» առարկայից 1430 դպրոցների մասնակցությամբ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Հաղթող է ճանաչվել Արցախի թիմը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

• Մայիսի 22-ին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում բացվել է 2014թ. հունվարի 20-ի ադրբեջանական դիվերսիայի ժամանակ զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին, իսկ դասասենյակներից մեկն անվանակոչվել է Արմենի անունով։

Դիրքապահ զինծառայող

Դիրքապահ զինծառայող

• Ռազմինֆոն վերջերս եղել է առաջնագծի այն դիրքերում, որտեղ նախորդող մեկ տարվա ընթացքում թշնամին ձեռնարկել է դիվերսիոն մի շարք հարձակումներ։ Հակառակորդին դիմակայած զինծառայողներին փոխարինած նոր դիրքապահները պատմում են այդ դիվերսիաների ու նաև իրենց մարտական հերթապահության մասին։

• Մայիսի 22-ին մեծ հրամանատար Կոմանդոսի 76-րդ տարեդարձն է: Ռազմինֆոյի անձնակազմը հերոսի տարեդարձը շնորհավորել է նրան նվիված ակնարկով:

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

One response to “Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 17-23 մայիսի, 2015

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *