ՌԴ-ն, ի տարբերություն մի շարք այլ պետությունների, Իրաքին, ինչպես նաև Սիրիային ու Եգիպտոսին, զենք է տրամադրում առանց որևէ նախապայմանների՝ հաշվի առնելով, որ այս պետությունները լուրջ պայքարի մեջ են ահաբեկիչների դեմ: Այս մասին մայիսի 21-ին Մոսկվայում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորովը և հավելել, որ Ռուսաստանը փորձելու է ամեն կերպ բավարարել ռազմական տեխնիկայի վերաբերյալ Իրաքի խնդրանքները: Հատնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատավական գործակալությունը:
Նշենք, որ ալ-Աբադին Պուտինի և Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև տարածաշրջանում և մասնավորապես Իրաքում սրվող ահաբեկչության հիմնախնդրի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության՝ Իրաքի Ռամադի քաղաքը վերցնելու և ահաբեկիչների դեմն առնելու համար սպառազինվելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է France-Press լրատվական գործակալությունը:
Նախագահ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում ևս ահաբեկչությունը բավականին մեծ ծավալների է հասնում և հույս հայտնել, որ Աբադիի այցը կսերտացնի երկու երկրների միջև հարաբերություններն, ու իրենց՝ հակաահաբեկչական պայքարում համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:
Զենքի մատակարարումների վերաբերյալ Լավրովի կտրուկ հայտարարության համատեքստում տեղին է հիշել վերջին տարիներին Իրաքին Ռուսաստանի մատակարարած մի քանի զինատեսակների մասին:
Մասնավորապես՝ 2014-ի հունիսի երկրորդ կեսին Իրաքը արագացված կարգով Սու-25 գրոհիչներ է գնել Ռուսաստանից: Դրանք անմիջապես մատակարարվել են Իրաքի զինված ուժերին, իսկ այդ մասին պատմող տեսանյութը դրվել էր համացանցում:
Նույն թվականի հուլիսին Իրաքը Ռուսաստանի հետ նաև 1 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ սպառազինության գնման պայմանագիր է կնքել, որով Մոսկվան պարտավորվել է իրաքյան զինված ուժերին մատակարարել ինչպես ՏՕՍ-1Ա հրանետներ, այնպես էլ հրետանային մի շարք զինատեսակներ:
2014-ի օգոստոսի 30-ին Իրաքի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՌԴ-ից մի շարք ուղղաթիռների ստացման լուրը, իսկ դրանից օրեր առաջ՝ օգոստոսի 26-ին, ռուսաստանյան «Ռուսվերտոլ» ընկերության ավիակայանում, որը Դոնի Ռոստովում է, լուսանկարել են Իրաք ուղևորվելուն պատրաստ 3 միավոր Մի-28ՆԷ մարտական ուղղաթիռներ, որոնք տարբերակիչ նշաններ չեն կրել, լուսանկարներում կողային համարները չեն երևում։
Մի-28ՆԷ ուղղաթիռների վաճառքն իրաքյան կողմին մաս է կազմում 2012 թվականին Մոսկվայի և Բաղդադի միջև կնքված պայմանագրի, որով նախատեսվում է 4,3 մլրդ ամերիկյան դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից:
Հավելենք, որ դրանից բացի, 2012-2013-ին կնքված այլ պայմանագրերով՝ Իրաքը 4 միավոր Մի-35Մ ուղղաթիռներ է ստացավ 2013-ի նոյեմբերին։ Ընդ որում, 2014-ի ամռան սկզբին արդեն Իրաքի կառավարությունը կիրառեց այս 4 ուղղաթիռներն իսլամիստների դեմ պայքարում։ Դրանցից առնվազն մեկ միավորը ոչնչացվել է։
Pingback: Ռուսաստանն Իրաքին մատակարարել է ՏՕՍ-1Ա հրանետների նոր խմբաքանակ | Ռազմ.info