Թուրքիայում բացվել է «տիեզերական համակարգերի արտադրության» առաջին կենտրոնը

Մայիսի 21-ին Թուրքիայում բացվել է TAI ընկերության «Տիեզերական համակարգերի ինտեգրացիայի և թեստավորման» կենտրոնը, որտեղ նախատեսվում է ընդամենը 2-ից 3 տարվա ընթացքում արտադրել հետախուզական և կապի արբանյակներ։ Այս մասին հայտնում է թուրքական TAI ընկերության կայքը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրում է Թուրքիայի պատվերով ճապոնական ընկերության արտադրած «Թյուրքսաթ-4Ա» կապի արբանյակի ընդունման պայմանագիրը

Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրում է Թուրքիայի պատվերով ճապոնական ընկերության արտադրած «Թյուրքսաթ-4Ա» կապի արբանյակի ընդունման պայմանագիրը

Կենտրոնի բացման արարողության ժամանակ նշվել է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է արտադրել Göktürk-1 («Գյոքթյուրք-1») հետախուզական արբանյակը, ինչպես նաև ավարտին հասցնել Türksat 6A («Թյուրքսաթ 6Ա») կապի արբանյակի պատրաստումը, որը նախատեսվում է տիեզերք բաց թողնվել 2017-2018 թթ., իսկ որոշ տեղերում նշվում է նաև 2019 թվականը։

Ըստ էության Թուրքիան ցանկանում է ընդամենը երկուսից երեք տարվա ընթացքում արտադրել ու բաց տիեզերք ուղարկել մեկական հետախուզական և կապի արբանյակներ՝ փորձելով գերազանցել մինչ այժմ սահմանված բոլոր «ռեկորդները»։

«Գյոքթյուրք-1» արբանյակի արտադրությամբ, սակայն, զբաղվում են ոչ միայն Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը և թուրքական TAI ընկերությունը, այլև իտալական Telespazio ու ֆրանսիական Thales Alenia Space ընկերությունները՝ 2009-ին կնքված պայմանագրով: Նշենք նաև, որ «Տիեզերական համակարգերի ինտեգրացիայի և թեստավորման» կենտրոնի (USET) ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 2011-ին, և այս տարիների ընթացքում կենտրոնում կատարվել է 112 մլն դոլարի ներդրում։

Նշենք, որ մինչ այս «թուրքական» արբանյակներն արտադրել և բաց տիեզերք են ուղարկել այլ պետություններ։ Թուրքական ընկերությունների մասնակցությունը սահմանափակվել է միայն նախագծման աշխատանքներին օժանդակությամբ։ Մասնավորապես 2014-ի փետրվարին ղազախական «Բայկոնուր» տիեզերական արձակման կայանից ռուսաստանյան կրող հրթիռով ուղեծիր էր արձակվել Türksat 4А կապի արբանյակը, որը Թուրքիայի պատվերով պատրաստել էր Ճապոնիան։

Հավելենք, որ նախատեսվում է արբանյակն օգտագործել Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կարիքների համար։ Նշենք նաև, որ մինչ այդ՝ 2012-ի դեկտեմբերին Չինաստանի «Ժիուգուան» բազայից արձակվել էր «Գյոքթյուրք-2» արբանյակը, որը նույնպես ռազմական բնույթի խնդիրներ է լուծում։

Թուրքիայի նախագահ Էրդողանը (կենտրոնում), պաշտպանության և հեռահաղորդակցության նախարարները (Էրդողանից ձախ), Թուրքիայի ԶՈւ զորատեսակների հրամանատարները (Էրդողանից աջ)՝ «Տիեզերական արտադրությունների և թեստավորման կենտրոնի» բացման արարողությանը

2015-ի մայիսի 5-8-ը Ստամբուլում անցկացված IDEF-2015 ցուցահանդեսում TAI ընկերության նախագծած «Գյոքթյուրք-2» արհեստական արբանյակի մակետը

2015-ի մայիսի 5-8-ը Ստամբուլում անցկացված IDEF-2015 ցուցահանդեսում TAI ընկերության նախագծած «Գյոքթյուրք-2» արհեստական արբանյակի մակետը

One response to “Թուրքիայում բացվել է «տիեզերական համակարգերի արտադրության» առաջին կենտրոնը

  1. Pingback: Թուրքիայի ՊՆ լրտես արբանյակը դուրս է բերվել ուղեծիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *