«Ես առանձնապես ոչինչ չեմ արել: Պարզապես խորհրդային իշխանությունն ինձ սովորեցրել էր ռազմարվեստ՝ մարտական ու տեխնիկական բաղադրիչներով, իսկ ես այն 1991-1992 թթ. փոխանցել եմ գործընկերներիս»,—հարցազրույցներից մեկի ժամանակ այսպես է գնահատել իր ավանդը Արցախյան պատերազի հաղթանակի ամենակարկառուն հերոսներից մեկը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց՝ Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում, ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները: 1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ՝ մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում՝ Թբիլիսիում, որտեղ էլ ծնվում է ապագա հրամանատարը:
Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի՝ համար 9, իսկ հետո՝ համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Ե´վ ինքը, և´ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար՝ փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում:
Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության անցնում նախ՝ Գերմանիայում, հետո՝ Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո՝ Երևանում՝ միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ:
Հատկանշական է, որ Տեր-Թադևոսյանը չի մասնակցել Ղարաբաղյան շարժմանը և ջանացել է իր ուսանողներին հեռու պահել զանգվածային ցույցերից՝ ի տարբերություն իր տիկնոջ՝ Հասմիկ Միխայիլովնայի, ով շարժման ամենասկզբից հանուն անկախության պայքարի ամենաակտիվ մասնակիցներից է եղել:
Արկադի Տեր-Թադևոսյանի՝ առաջին անգամ Ստեփանակերտ մեկնելը ստացվել է ավելի քան պատահական. իրավիճակը այնտեղ ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկը ուղեկցեր Երևանից բուժօգունություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը: Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել: Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը, ով Ստեփանակերտից վերադառնալուց հետո սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը՝ խնդրելով իրեն ընդգրկել՝ որպես խորհրդական:
Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ զենք չէին առել ձեռքները:
1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի՝ ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործությունը՝ «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օր ու գիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:
Նշենք, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ուսանողների ու լրագրողների հետ հանդիպումների ժամանակ հաճախ է համեստորեն շրջանցում իր մարտական ուղու վերաբերյալ հարցերը՝ հաղթանակի կերտման գործում կարևորելով բացառապես ժողովրդի միասնականությունը, հիշեցնելով Չարենցի հայտնի խոսքերը՝ «Ո՜վ, հա’յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», և հավելելով՝ «Պատերազմը հաղթում են այն տղաները, ովքեր ինչ-որ նախաձեռնություններ են ցուցաբերում, լուրջ գործ անում: Իսկ հետո այդ բոլորը վերագրվում է մեկ ուրիշին…»:
Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում՝ որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողութունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում՝ գյուղերը պաշտպանելիս: Պատմում են՝ Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն, ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազաթիվ ջոկատներ են գործում:
Այսօր մեծ հրամանատարի 76-րդ տարեդարձն է: Ռազմ.ինֆո-ի անձնակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին ու Կոմանդոսի սիրած խոսքերով ևս մեկ անգամ հաստատում՝ այո՛, Արցախի հաղթանակը ժողովուրդն է կերտել: Սակայն այդ հաղթական բարդ ուղին շա՜տ ավելի դժվարին ու խավար կլիներ, եթե չլինեին կոմանդոսները:
3 responses to “Հաղթանակը հայի գենի մեջ է. Արկադի Տեր-Թադևոսյան”