Ճապոնիան ինտեգրվում է սպառազինության համաշխարհային առևտրին՝ արգելքի չեղարկումից հետո

Ճապոնիան ռազմական արտադրանքի արտահանման շուրջ 47 տարի գործած արգելքի վերացումից բավական կարճ ժամանակ անց փորձում է ինտեգրվել խոշոր սպառազինությունների համաշխարհային առևտրին՝ մասնակցության հայտ ներկայացնելով Ավստրալիայի հայտարարած՝ սուզանավերի գնման 36 մլրդ ամերիկյան դոլար գնահատվող պատվերի մրցույթին։ Այս մասին հայտնում է բրիտանական The Guardian հեղինակավոր պարբերականը։

Ճապոնյիա ՌԾՈւ «Սորյու» դասի սուզանավ

Ճապոնյիա ՌԾՈւ «Սորյու» դասի սուզանավ

Ճապոնիան սեփական արտադրության սուզանավերը վերջին անգամ արտահանել է 80 տարի առաջ՝ 4 միավոր սուզանավ մատակարարելով Ֆիլիպիններին։ Երկրորդ համաշխարհայինից հետո, փաստացի, Ճապոնիայի վրա «չգրված օրենքով» սահմանվեց ռազմական արտադրանքի արտահանման արգելք: 1967-ին երկրի օրենքներով իրավաբանորեն ամրագրվեց, որ Ճապոնիային արգելվում է ռազմական նշանակության արտադրանք արտահանել կոմունիստական ռեժիմի երկրներին, ինչպես նաև բոլոր այն պետություններին, որոնք հակամարտության մեջ են կամ ներառված են ՄԱԿ-ի պատժամիջոցների ցուցակում։

2014-ի ապրիլի 1-ին, սակայն, Ճապոնիայի կառավարությունը երկրի գործող վարչապետ Սինձո Աբեի գործուն ջանքերի շնորհիվ ամբողջությամբ չեղյալ հայտարարեց անցյալ դարի կեսերից սահմանված արգելքը, և Տոկիոն սկսեց ակտիվորեն ներգրավվել սպառազինության համաշխարհային առևտրին։

2014-ին ճապոնացիներն արդեն իսկ ունեցան ռազմական առաջին խոշոր գործարքը՝ Հնդկաստանի հետ կնքելով շուրջ 1,65 միլիարդ ամերիկյան դոլար գնահատվող պայմանագիր, որը նախատեսում էր 15 միավոր US-2i հիդրոինքաթիռի մատակարարում։

Ինչ վերաբերում է Ճապոնիայի՝ ավստրալական մրցույթին մասնակցությանը, ապա նշենք, որ փորձագիտական շրջանակներում բավական բարձր են գնահատվում Տոկիոյի՝ մրցույթը շահելու հնարավորությունները, քանի որ Ավստրալիան հետաքրքրված է ժամանակակից ոչ ատոմային սուզանավերով, որոնք կարող են շահագործվել մեծ հեռավորություններում։

Նախատեսվում է, որ մրցույթին Ճապոնիան կներկայանա սեփական նախագծման «Սորյու» դասի սուզանավերով, որոնք կարող են սուզվել մինչև 500 մետր խորության վրա, զարգացնել մինչև 20 ծովային մղոն արագություն (37կմ/ժ) և մեկ լիցքավորմամբ անցնել շուրջ 9760 կմ։ Սուզանավերի սպառազինությունում առկա են ինչպես տորպեդներ, այնպես էլ թևավոր հրթռիներ։ «Սորյու» դասի սուզանավերի արտադրությամբ զբաղվում են ճապոնական Kawasaki Heavy Industries և Mitsubishi Heavy Industries ընկերությունները։

Հավելենք, որ հայտարարված մրցույթով Ավստրալիան մտադիր է 2024-2031 թվականներին փոխարինել «Քոլինզ» դասի սուզանավերը, որոնք երկրի արքայական նավատորմում շահագործման են անցել 1996-2003 թվականներից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *