ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում զինծառայողները ՀՀ հաշվին կբուժվեն արտերկրում. նախագիծ

Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրինագծով՝ եթե զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության բուժումը Հայաստանում հնարավոր չլինի, ապա բուժումը կազմակերպվելու է արտերկրում՝ ՀՀ բյուջեի հաշվին:

Դրվագ՝ ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկների վարժանքներից

Դրվագ՝ ՀՀ ԶՈւ ռազմական բժիշկների վարժանքներից

Այսօր՝ մայիսի 21-ին, այս օրինագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և որոշ փոփոխություններից հետո ընդունվել միաձայն: Ընդ որում՝ կառավարությունն օրինագծի ներկայացմանը հավանություն է տալիս պայմանով, որ նախագծում ներառվեն կառավարության կատարած փոփոխությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

««Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխված, լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնավորապես նախատեսվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում ավելացնել հետևյալ հատվածը.

«Զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում` զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում:

Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած զինծառայողները, բացառությամբ եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը նրանց կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:

Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումը օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի առկայություն, ապա հատուցվում է նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունը օտարերկրյա պետությունում»:

Սա կնշանակի, որ օրենքի ընդունման դեպքում առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողի ստացած վիրավորումը կամ հիվանդությունը Հայաստանի բյուջեի հաշվին կբուժվի արտերկրում, եթե Հայաստանի բժշկական հիմնարկներում դա հնարավոր չլինի ապահովել: Անհրաժեշտության դեպքում՝ պետական միջոցների հաշվին կապահովվեն նաև բուժման մեկնող զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսն ու կեցության ծախսերը:

Օրինագիծը, սակայն, չի վերաբերի այն զինծառայողներին, որոնք կանխամտածված են ստանում վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով՝ հիվանդություն:

Կառավարության նիստի ժամանակ օրինագծին անդրադառնալով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ օրինագծի ընդունմամբ մարտական պայմաններում զինվորական ծախսերը պետական միջոցների հաշվին նախատեսելը լրացուցիչ խթան կհանդիսանա և կբարձրացնի զինծառայողների պաշտպանվածության մակարդակը:

Ավելացնենք, որ ուժի մեջ մտնելու համար օրենքի նախագիծը պիտի ընդունվի Ազգային ժողովում և ստորագրվի հանրապետության նախագահի կողմից:

One response to “ՀՀ-ում բուժման անհնարինության դեպքում զինծառայողները ՀՀ հաշվին կբուժվեն արտերկրում. նախագիծ

  1. Pingback: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիրավոր զինծառայողներին արտերկրում բուժելու մասին օրենքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *