Միջերկրականում անցկացվել է ռուս-չինական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը

Միջերկրական ծովում ընթացող ռուս-չինական համատեղ զորավարժության մասնակից նավերը պայմանական ծովահանների դեմ համատեղ պայքարի ծրագիր են մշակել և իրականացրել: Այս մասին հայնել է ռուս-չինական «Ծովային համագործակցություն-2015» համատեղ զորավարժության գործադիր ղեկավար  Վիկտոր Կոչեմազովը, հաղորդում է ռուսաստանյան  «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Չինաստանի և Ռուսաստանի ՌԾՈւ զինծառայողները մշակում են «Ծովային համագործակցություն-2015» զորավարժության սցենարով «գերեվարված» նավն ազատագրելու տակտիկական ծրագիրը

Չինաստանի և Ռուսաստանի ՌԾՈւ զինծառայողները մշակում են «Ծովային համագործակցություն-2015» զորավարժության սցենարով «գերեվարված» նավն ազատագրելու տակտիկական ծրագիրը

Ըստ զորավարժության սցենարի՝ «ծովահենները» նավ են զավթել: Ռուսաստանի և Չինաստանի ՌԾՈւ նավերի խնդիրն է եղել համատեղ ջանքերով ազատագրել այն: «Զորավարժության մասնակիցները մանրակրկիտ մշակել են «կասկածվող» նավի խուզարկման, կալանքի տակ առնելու և ուղեկցելու մանրամասները:

Ռուսաստանը զորավարժությանը մասնակցել է «Մոսկվա» ու «Լադնի» պարեկային նավերով, «Ալեկսանդր Օտրակովսկի» և «Ալեկսանդր Շաբալին» դեսանտային նավերով, ինչպես նաև «Սամում» հրթիռային կատերով, իսկ Չինաստանը՝ «Վէյ Ֆան», «Լին Ի» պարեկային նավերով, «ՄԲ-31» ծովային քարշակով և «Վէյ Շանխու» օժանդակող նավով:

Կոչեմազովը նաև հավելել էր, որ մայիսի 21-ի գիշերը զորավարժության մասնակից նավերը 4 մարտավարական խմբերով վարժանքներ են իրականացնելու Միջերկրականի արևելյան հատվածում:

Հիշեցնենք, որ զորավարժությունը պաշտոնապես սկսվել է մայիսի 11-ին, ակտիվ գործողությունները սկսվել են մայիսի 17-ին և տևելու են մինչև մայիսի 21-ը: Մասնակից նավերը Միջերկրական հասնելու համար նավարկել են Սև ծովով և հատել Բոսֆոր ու Դարդանել նեղուցները: Մինչ ակտիվ փուլի մեկնարկը կողմերը մշակել են համատեղ զորավարժանքներն ու հակաօդային պաշտպանության կազմակերպումը:

Ավելացնենք, որ Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ զորավարժությանը, հայտարարել էր, թե այն կապ չունի ստեղծված ռազմաքաղաքական որևէ իրավիճակի հետ և ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ: Այս միտքը վերջին հայտարարության մեջ հաստատել է նաև զորավարժության՝ ռուսաստանյան կողմի հրամանատար Ալեկսանդր Ֆեդոտենկովը:

2 responses to “Միջերկրականում անցկացվել է ռուս-չինական համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը

  1. Pingback: ՌԴ ՌԾՈւ «Մոսկվա» հրթիռային հածանավը կրակային վարժանքներ կանցկացնի Սև ծովում | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանն ու Եգիպտոսը Միջերկրականում ռազմածովային զորավարժություն են իրականացնում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *