ՀՀ ԶՈւ հրետանավորները ԱԹՍ են կիրառել պայմանական հակառակորդի թիրախները հայտնաբերելու համար

Մայիսի 6-ից 8-ը Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման զորամասերից մեկի հրետանավորներն անցկացրել են ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ժամանակ կրակի ադրյունավետության բարձրացման համար օգտագործվել է նաև անօդաչու թռչող սարք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ մայիսի 17-ի թողարկումը:

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելիս

ՀՀ ԶՈւ հրետանավոր զինծառայողը զորավարժության ժամանակ Դ-30 հաուբիցով կրակելիս

Մայիսի 7-ին անցկացվել է մարտավարական զորավարժության կրակային փուլը, որի սցենարի համաձայն՝ զորամասի հարձակողական մարտի ընթացքում հրետանային դիվիզիոնը պիտի կրակով աջակցեր մոտոհրաձգային գումարտակին՝ օգտվելով նաև անօդաչու թռչող սարքից:

Անօդաչու թռչող սարքի կիրառումը ենթադրում էր պայմանական հակառակորդի կրակային դիրքերի և տեղակայման վայրի խորքային հետախուզում, ռազմական վերգետնյա օբյեկտների հայտնաբերում՝ դրանց ոչնչացման նպատակով: Այդ օբյեկտները տեսանելի չէին, սակայն անօդաչու սարքի կիրառումը հնարավորություն էր ընձեռում հայտնաբերել և ճշգրտորեն հաղորդել դրանց կոորդինատները:

Զորամասի հրետանու պետը նշեց, որ անօդաչու թռչող սարքի կիրառումը թույլ է տալիս հայտնեբերել հակառակորդի այն նշանակետերը, որոնք վերգետնյա դիտակետերից չեն երևում: Անօդաչուներից նման թիրախների հայտնաբերումը թույլ էր տալիս ճշգրտորեն որոշել դրանց կոորդինատները՝ հեշտացնելով հրետանու հետախուզական ստորաբաժանումների գործը։

Դիվիզիոնի հրամանատարի խոսքով՝ այս զորավարժությունն ուներ իր առանձնահատկությունները։ Հրամանատարը նշեց, որ հրետանու խոցման ճշգրտությունն արդյունավետ էր, սակայն իրենք որոշակիորեն թերացել են ժամանակի մեջ։

Զորավարժության կրակային փուլի ավարտից հետո բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը և զինված ուժերի հրետանու պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը նախնական ամփոփել են ու վերլուծել զորավարժության արդյունքները, մատնանշել թերությունները և գնահատականներ տվել մարտկոցների գործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *