Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 19-ին, ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ հրամանագիրը։ Զորացրումն ու զորակոչն անցկացվելու են մայիս-հուլիս ամիսներին։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշվում է, որ նախագահը, ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով, որոշում է.
1. 2015 թվականի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
2. 2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին զորացրել սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Pingback: Armday – ՀՀ նախագահն ստորագրել է զորակոչ և զորացրում անցկացնելու հրամանագիր
Pingback: Զորակոչիկները կանխարգելիչ պատվաստումները կստանան զորակոչից առնվազն մեկ ամիս առաջ | Ռազմ.info