Թուրքական «Քարայել» ԱԹՍ-ն ներգրավվել է Միջերկրականում անցկացված զորավարժությանը

Թուրքական «Վեսթել» ընկերության «Քարայել» մարտավարական անօդաչու թռչող սարքը ներգրավվել է Միջերկրական և Էգեյան ծովերում մայիսի 14-18-ն անցկացված Denizkurdu-2015 զորավարժությանը, որի ընթացքում իրականացրել է ամենաերկար թռիչքը՝ օդում մնալով մոտ 10 ժամ 50 րոպե։ Այս մասին հայտարարում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Թուրքական «Վեսթել» ընկերության նախագծած «Քարայել» անօդաչու թռչող սարք

Թուրքական «Վեսթել» ընկերության նախագծած «Քարայել» անօդաչու թռչող սարք

Նշվում է, որ զորավարժության ընթացքում «Քարայել» ԱԹՍ-ն մեկ, անընդհատ թռիչքի ընթացքում իրականացրել է օդից հետախուզական աշխատանքներ։

Մասնավորապես թռիչքի ընթացքում ԱԹՍ-ն առաջին անգամ կրել է մինչև 50 անգամ օպտիկական խոշորացմամբ օժտված, 1080p կետային խտությամբ տեսախցիկ։ Լազերային նշանոցով սպառազինված տեսախցիկը բավականին մեծ բարձրությունից հայտնաբերել է օբյեկտները և ճանաչել։

Մայիսի 14-18-ը Էգեյան և Միջերկրական ծովերում անցկացված «Դենիզքուրդու-2015» զորավարժության ընթացքում «Քարայել» ԱԹՍ-ից արված լուսանկարներ

Մայիսի 14-18-ը Էգեյան և Միջերկրական ծովերում անցկացված «Դենիզքուրդու-2015» զորավարժության ընթացքում «Քարայել» ԱԹՍ-ից արված լուսանկարներ

Հավելենք նաև, որ համաձայն տրամադրվող տեղեկությունների՝ ԱԹՍ-ն համապատասխանում է ՆԱՏՕ-ի սահմանած՝ անօդաչու թչռող սարքերի STANAG 4671 ստանդարտին, ինչը մասնավորապես նշանակում է, որ ԱԹՍ-ն ունակ է երկարատև թռիչքի, կարող է կրկին օգտագործվել, ղեկավարումն իրականացվում է նախապես մուտքագրած ծրագրով՝ ավտոմատ ղեկավարմամբ, ինչպես նաև ԱԹՍ-ն ունակ չէ զենք կրել, չունի որևէ ներդրված զենք և սպառազինություն։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնել էր, որ 2015-ի մայիսի 14-18-ը Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերը Մարմարա, Էգեյան ծովերում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում կանցկացնեն Denizkurdu-2015 (թրք.՝ «ծովային գայլ-2015») զորավարժությունը՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի նավատորմիղի հրամանատարության պետ, փոխծովակալ Վեյսել Քյոսելեի հրամանատարությամբ։ Վարժանքներին պետք է ներգրավվեին նաև ռազմաօդային և առափնյա անվտանգության հրամանատարությունների ստորաբաժանումները։

Հավելենք նաև, որ Քարայել (Karayel) ԱԹՍ-ն թուրքական Vestel Savunma Sanayi (Վեսթել Սավունմա Սանայի) ընկերություն արտադրության մարտավարական անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է հետախուզական առաջադրանքների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *