Պատերազմի դեպքում Հնդկաստանի ռազմական ողջ ռեզերվը կսպառվի 20 օրում. զեկույց

Ակտիվ ռազմական գործողությունների ծավալման դեպքում Հնդկաստանի բանակի սպառազինության պաշարներն ամբողջությամբ կսպառվեն 20 օրվա ընթացքում, մինչդեռ սահմանված է, որ ռեզերվի պաշարները պետք է հերիքեն 40 օր։ Այս մասին մայիսի 15-ին իր հրապարակումներից մեկում նշել է բրիտանական The Independent հեղինակավոր պարբերականը՝ հղում անելով Հնդկաստանի Հաշվիչ պալատի զեկույցում տեղ գտած տվյալներին։

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները ռազմական շքերթի ժամանակ

Հնդկաստանի ԶՈւ զինծառայողները ռազմական շքերթի ժամանակ

Ինչպես հայտնում է պարբերականը, երկրի զինված ուժերի ռազմական ռեզերվը, բացի զինամթերքից, ներառում է նաև սարքավորումներ, վառելիք և թիկունքային ապահովման այլ պարագաներ։

Հնդկաստանում սահմանված է, որ վերոնշյալ ռեզերվները պետք է բավարարեն 40 օր ինտենսիվ պատերազմելու համար, մինչև որ համապատասխան գերատեսչությունները կհասցնեն կազմակերպել արդյունաբերության մասնակի ռազմականացումը՝ բանակի մատակարարումները լիարժեք ապահովելու համար։

Հաշվիչ պալատի ստուգումների արդյունքում, սակայն, պարզվել է, որ բանակի նյութական ռեզերվները լավագույն դեպքում կբավականացնեն 20 օր, իսկ զինամթերքի որոշ տեսակներ կսպառվեն ընդամենը 10 օր անց։ Ռազմական ռեզերվի աուդիտն իրականացրած մարմինը հաշվարկել է նաև, որ ռազմական ռեզերվն անհրաժեշտ ծավալի և քանակության բերելու համար կպահանջվի 3,1 մլրդ ամերիկյան դոլար։ Ընդ որում՝ նույնիսկ այդ դեպքում ռեզերվը հնարավոր կլինի վերականգնել ոչ շուտ, քան մինչև 2019 թվականը։

Հավելենք, որ անձնակազմի թվով Հնդկաստանի բանակն աշխարհում երրորդն է։ Միջին գնահատականներով այն ունի 1մլն 325 հազար հոգանոց անձնակազմ և 1մլն 155 հազարանոց պահեստազոր։ Զինանձնակազմի քանակով Հնդկաստանը զիջում է միայն Չինաստանին և Միացյալ Նահանգներին, որոնք ունեն համապատասխանաբար 2մլն 285 հազար և 1 մլն 430 հազար հոգանոց գործող անձնակազմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *