Տաջիկստանում ընթացող զորավարժության ընթացքում իրականացվել է ՀԱՊԿ ուժերի դեսանտավորում

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ներկայումս Տաջիկստանում ընթացող զորավարժության շրջանակներում լեռնային պայմաններում չեզոքացրել են «ապօրինի զինված խմբավորումներին»: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զինծառայողները Տաջիկստանի զորավարժության ընթացքում

ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զինծառայողները Տաջիկստանի զորավարժության ընթացքում

Զորավարժության ղեկավարների հրամանով ուժերի մի մասը պարաշյուտներով դեսանտավորվել է ՌԴ ԶՈւ Իլ-76 բեռնատար ինքնաթիռներից, նրանց դեսանտավորմանն օդից աջակցել են Ռուսաստանի, Ղազախստանի ու Տաջիկստանի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու գրոհիչները:

Արդեն ցամաքում ստորաբաժանումներն անցել են պայմանական զինված խմբավորումների «չեզոքացմանը»: Միաժամանակ հրամանատարները վարժվել են ստորաբաժանման ղեկավարման մեջ:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը (այդ թվում՝ նաև Հայկական ստորաբաժանումը) մարտական պատրաստության բարձր աստիճանի էր բերվել մայիսի 13-ին՝ մարտի 12-ին մեկնարկած հանկարծակի ստուգմանը մասնակցելու համար։ Վարժանքի նպատակն է ստուգել, թե անհրաժեշտության դեպքում որքան ժամանակում են հավաքական ուժերը կարողանում վերախմբավորվել ու հասնել Տաջիկստան, ինչպես նաև անձնակազմերին ծանոթացնել տեղանքին:

Մայիսի 16-ին հայտնի է դարձել, որ հայկական զորախումբը ժամանել է Տաջիկստան, իսկ ընդհանուր առմամբ՝ բորոր զորախմբերը վերախմբավորվել և Տաջիկստանի տարածքում տեղակայվել են սահմանված ժամանակահատվածում:

Ավելացնենք, որ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ստեղծվել են կազմակերպության անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելու համար: Ուժերի կազմում ներգրավված են անդամ երկրների, մասնավորապես՝ նաև Հայաստանի զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի ստորաբաժանումներ:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները ներկայում վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան ու Տաջիկստան:

Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգությունը հավաքական միջոցներով ապահովելն է: Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *