Մայիսի 11-ից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անցկացվում են տեսչական ստուգումներ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊԲ «Գոյամարտ» հաղորդաշարի հաղորդումներից մեկը:
Տեսչական ստուգումների նպատակն է բացահայտել ու զորամասերի հրամանատարներին մատնացույց անել զորամասերի ծառայության հետ կապված այն թերությունները, որոնք զորամասերի հրամանատարությունը չի նկատել: Այս մասին նշել է տեսչության ղեկավար Միքայել Հարությունյանը՝ ավելացնելով, որ տեսչության կազմում ստուգումներին մասնակցում են մեծ փորձ ունեցող գեներալներ ու սպաներ, որոնք թերությունների վերացման հետ կապված խնդիրներում մեծ օգնություն կարող են ցուցաբերել և ցուցաբերում են զորամասերի հրամանատարներին:
Տեսչական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում են ինչպես մարտական ուսուցման և հերթապահության գործընթացները, այնպես էլ հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման և զորքերի ծառայության հարցերը, սպառազինության վիճակը և մնացած բոլոր ոլորտները, որոնք առնչվում են զորքերի ամենօրյա գործունեության և մարտական խնդիրներին:
Գեներալ-գնդապետ Հարությունյանը նշել է, որ առաջին հայացքից զորամասերը պատրաստ են կատարել իրենց խնդիրները, բայց պատրաստականության վիճակի մասին վերջնական գնահատականը պարզ կլինի ստուգումների վերջում: Այդ գնահատականների մասին տեսչական խումբը կզեկուցի Արցախի նախագահին:
Pingback: ՊԲ հյուսիսային զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության. ստուգում | Ռազմ.info
Pingback: Ավարտվել են ՊԲ հյուսիսային զորամասերի ստուգումները | Ռազմ.info