Թուրքիան մայիսի 16-ին հայտարարել էր, թե իրենց ՌՕՈւ-ի F-16-երը խոցել են Սիրիայի զինված ուժերին պատկանող ուղղաթիռ, որը նույն օրը հատել էր Թուրքիայի օդային սահմանը: Սակայն սիրիական կողմը պնդում էր, թե խոսքը ոչ թե ուղղաթիռի, այլ հետախուզական անօդաչու թռչող սարքի մասին է: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրտավական գործակալությունը:
Հատկանշական է, որ միայն 2 օր անց Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտատարել է, որ խոցված թռչող օբյեկտն իրոք անօդաչու սարք է, ոչ թե ուղղաթիռ: Խոսքը իրանական արտադրության «Մոհաջեր 4» անօդաչու թռչող սարքի մասին է, որը Ինջիրլիք ռազմաբազայից դուրս բերված թուրքական երկու F-16 կործանիչները խոցել են AIM-9 Sidewinder հրթիռներով. հայտնում է թուրքական «Միլլիյեթ» լրատվական գործակալությունը:
Համաձայն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության մայիսի 16-ի տեղեկությունների՝ սիրիական թռչող օբյեկտը Սիրիային սահմանամերձ Հաթայ նահանգում մոտ 12 կիլոմետր խորացել է Թուրքիայի օդային տարածքով և մինչև խոցվելը մոտ 5 րոպե մնացել այնտեղ: Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ի տարածած հայտարարության համաձայն՝ խոցված օբյեկտի բեկորներն ընկել են Սիրիայի տարածքում:
Նշենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները խիստ լարվել են 2012-ին, երբ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խոցեցին իրենց օդային տարածքը հատած թուրքական ինքնաթիռ, որը, ինչպես պնդում է թուրքական կողմը, մինչ խփվելն արդեն դուրս էր եկել Սիրիայի տարածքից:
Հավելենք, որ սիրիական անօդաչուի խոցման միջադեպը Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ կոչ անելով ժողովրդին հանգիստ քնել և շնորհակալական ուղերձ ուղարկելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը: