Մարտավարամասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով Պաշտպանության բանակի տանկային բրիգադներից մեկի զինծառայողները վաշտի կազմով անցկացրել են գիշերային մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնի է դարձել Պաշտպանության բանակի «Գոյամարտ» հաղորդաշարի մայիսի 15-ի հաղորդումից:
Պատճառն այն է, որ Պաշտպանության բանակում շատ հնարավոր են համարում մարտական գործողությունները գիշերային պայմաններում, ինչի մասին հայտնել է նաև զորավարժության ղեկավար, տանկային զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը:
Զորավարժության սցենարով՝ տանկային ստորաբաժանման առաջ դրված է եղել մարտական խնդիր՝ պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում ետ մղել հակառակորդի գրոհը, կրակել նրա առաջնաեզրի վրա, ճնշել և այնուհետև հետապնդելով նրան՝ զբաղեցնել նպաստավոր դիրքեր:
Չնայած գիշերային պայմաններին, մառախուղին և անձրևին՝ տանկային անձնակազմերը հաջողությամբ կատարել են առաջադրված մարտական խնդիրը: Իսկ վերջնական արդյունքները, ըստ հրամանատարի տեղակալի, կերևան հաշվարկողների՝ թիրախների խոցման աստիճանը որոշելուց հետո:
«Գոյամարտի» տեղեկատվության համաձայն՝ առաջիկայում նման վարժանքներ անցկացվելու են նաև տանկային բրիգադի մյուս ստորաբաժանումներում:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի վերջին հայտնի էր դարձել, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գիշերային վարժանքների միջոցով պատրաստվում են Ադրբեջանի զինված ուժերի հաճախակիացած գիշերային դիվերսիաներին: Այն ժամանակ գիշերային զորավարժությանը մասնակցում էին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի զինծառայողները:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 17-23 մայիսի, 2015 | Ռազմ.info