Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք տույժ վճարելով կազատվեն քրեական հետապնդումից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 15-ին, ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Օրենքի՝ ապրիլի 30-ին ՀՀ խորհրդարանում ամբողջովին ընդունված փոփոխությունը նախատեսում է ևս մեկ տարով երկրարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը:

Կառավարության՝ օրենքի փոփոխությանը վերաբերող նախագծի հիմնավորման մեջ, որ ներկայացվել էր 2015թ. փետրվարի 26-ին, ասվում էր, որ 2013թ. դեկտեմբերի 1-ից հետո ծառայությունից խուսափած ու արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները 27 տարեկանը լրանալուց հետո էլ հրաժարվում են վերադառնալ Հայաստան, որպեսզի քրեական պատասխանատվության չենթարկվեն: Մինչդեռ, ըստ սփյուռքի նախարարության, եթե այդ անձանց հնարավորություն տրվի ծառայությունից խուսափելու դիմաց վճարել նախատեսված չափով տույժ, նրանք կվերադառնան ու կազատվեն նաև քրեական պատասխանատվությունից:

Որպես փոփոխության հիմնավորում ներկայացվում էր նաև այն հանգամանքը, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի ներկա տարբերակով գումար վճարելու ու քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ընձեռված է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունից խուսափած քաղաքացիներին:

Իսկ որպես հավելյալ փաստարկ ներկայացվում էր այն, որ 2013 թվականին օրենքի կիրառման արդյունքում նախկինում ծառայությունից խուսափած քաղաքացիների վճարած տույժերից հատուկ հաշվում մուտքագրվել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ: Օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ դրա կիրառման արդյունքում ստացած վճարներն ուղղվել են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերի ֆինանսավորմանը:

Սփյուռքի նախարարության հիմնավորման համաձայն՝ օրենքում ժամկետի՝ մինչև 2015թ. մայիսի 1-ը երկարացվելը կհանգեցնի 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքեր հատուկ հաշվում:

Ավելացնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքով փոփոխությունից հետո նախատեսված է քրեական պատասխանատվությունից ազատել 27 տարեկանը լրացած այն անձանց, ովքեր 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2015 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, խուսափել են ժամկետային զինծառայությունից, բայց հետագայում տույժեր են վճարել դրա համար: Տույժերը, կախված քաղաքացիների՝ որոշակի սոցիալական խմբերում լինելուց, տատանվում են նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչև 100-ապատիկ սահմաններում, իսկ որոշ դեպքերում քաղաքացիներն ազատվում են դրանք վճարելուց:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիների՝ որպես տույժ վճարած գումարները օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *