Մայիսի 17-ին մեկնարկել է ռուս-չինական ռազմածովային ուժերի «Ծովային համագործակցություն-2015» համատեղ զորավարժության ակտիվ փուլը: Մեկնարկային օրը առաջադրանքների կատարման վերաբերյալ նախապատրաստական աշխատանք է տարվել զորավարժության մասնակիցների հետ: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով զորավարժության՝ ռուսաստանյան կողմի հրամանատար, Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի տեղակալ, փոխծովակալ Ալեկսանդր Ֆեդոտենկովին:
Ֆեդոտենկովը նաև նշել է, որ զորավարժությանը մասնակցելու է 10 ռազմանավ: Ռուսաստանյան կողմից զորավարժությանը մասնկացում են «Մոսկվա» ու «Լադնի» պարեկանավերը, «Ալեկսանդր Օտրակովսկի» և «Ալեկսանդր Շաբալին» դեսանտային նավերը, ինչպես նաև «Սամում» հրթիռային կատերն ու փրկարարական նավ, իսկ չինական կողմից վարժանքներին ներառված են «Լինյի» և «Վեյֆան» ֆրեգատները, ինչպես նաև օժանդակող նավեր:
Հիշեցնենք, որ զորավարժությունը պաշտոնապես սկսվել է մայիսի 11-ին, ակտիվ գործողությունները տևելու են մինչև մայիսի 21-ը: Մասնակից նավերը Միջերկրական հասնելու համար նավարկել են Սև ծովով և հատել Բոսֆոր ու Դարդանել նեղուցները: Մինչ ակտիվ փուլի մեկնարկը կողմերը մշակել են համատեղ զորավարժանքներն ու հակաօդային պաշտպանության կազմակերպումը:
Հավելենք նաև, որ զորավարժության փուլերը հիմնականում ներառելու են ծովում պաշտպանության մշակման, նավերի ուղեկցման և ծովային ճանապարհների անվտանգության ապահովման հմտությունների կատարելագործում:
Ավելացնենք, որ Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով վերոնշյալ զորավարժությանը, հայտարարել էր, թե այն կապ չունի ստեղծված ռազմաքաղաքական որևէ իրավիճակի հետ և ուղղված չէ որևէ երրորդ պետության դեմ: Այս միտքը վերջին հայտարարության մեջ հաստատել է նաև զորավարժության՝ ռուսաստանյան կողմի հրամանատար Ալեկսանդր Ֆեդոտենկովը: