Մայիսի 13-ին Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվել է ՀՀ ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Զորավարժության սցենարով նախատեսված է եղել հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման և վնասազերծման հատուկ գործողություն: Վարժանքին մասնակցել են ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) հատուկ նշանակության վարչության ծառայողներ:
Երկու փուլով անցկացված զորավարժության 1-ին փուլում ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման և վնասազերծման զորային գործողություններ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի հարակից տարածքում: Վարժանքին մասնակցող ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացնում են, որ հայտնաբերել են հակառակորդին, որը մարտի մեջ է մտել ոստիկանության ստորաբաժանումների հետ: Կորուստներ տալով՝ դիվերսիոն խումբը բաժանվում է մանր խմբերի՝ փորձելով մի քանի ուղղություններով դուրս գալ շրջափակումից:
Կենտրոնացված կրակի և ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վնասազերծում են խմբերից մեկը: Հակառակորդի 2-րդ խումբը վնասազերծելու նպատակով հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների և կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին:
«Դիվերսանտների» փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք, ինչից հետո սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, և գործողության մեջ են մտնում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները: Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի և 2 դիվերսանտների միջև, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում:
Սակայն դիվերսանտների այս գործողությունը ուշադրություն շեղելու նպատակ է ունենում, որովհետև այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը: Հայտնաբերելով հակառակորդին՝ ՀԱԷԿ պահպանության առանձին գումարտակի որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: Դիվերսանտների խումբը դիրքավորվում է առանձին շինության մեջ:
Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության վարչության ձերբակալման խումբը, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը և վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը:
Այնուհետև ստորաբաժանումները զննում են գործողության ողջ տարածքը՝ հակառակորդի խմբի հետախուզական և դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով: Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը:
Զորավարժության ավարտից հետո զորավարժության ընթացքում մարտական և մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները պարգևատրվել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի հրամաններով:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանյան «Տիգր» զրահամեքենան նախատեսվում է դարձնել դեսանտավորվող | Ռազմ.info