Թուրքական ռազմարդյունաբերական MKEK ընկերությունը 2015թ. մայիսի 5-8-ը Ստամբուլում անցկացված 12-րդ միջազգային ռազմարդյունաբերական IDEF-2015 ցուցահանդեսում Թուրքիայի ԶՈւ-ի համար ներկայացրել է MPT-76 հրացանների հիման վրա արտադրված նոր մոդելներ։ Այս մասին հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Համաձայն աղբյուրի, թուրքական MKEK և KaleKalip ռազմաարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չնայած Թուրքիայի ԶՈւ-ն կենտրոնացել է միայն MPT-76 հրացանների ստանդարտ MPT-76 «Մեհմեթչիք-1» և «Մեհմեթչիք-2» տարբերակների արտադրության վրա, այդուհանդերձ, դրանց երկու նոր տարբերակաները ևս արդեն բանակի տրամադրության տակ են։
Առաջին հրացանի երկարությունը 306 մմ է, իսկ երկրորդինը՝ 506 մմ։ Այս վերջինի նախատիպը IDEF-2015 ցուցահանդեսում ներկայացրել է KaleKalip ռազմաարդյունաբերական ընկերությունը։
Հիշեցնենք, որ «Մեհմեթչիք-1»-ի արտադրությամբ զբաղվում է թուրքական MKEK ընկերությունը։ Նախագծման աշխատանքները սկսվել էին 2008-ին։ Թուրքական հրացանի ստեղծման համար հիմնականում կիրառվել են գերմանական Heckler & Koch HK416 ինքնաձիգի լուծումները, դրանք, շատ նման են նաև արտաքնապես, ինչն էլ գերմանական կողմի դժգոհությունն էր առաջ բերել։ Այս ամենի հետևանքով «Մեհմեթչիք-1»-ի արտադրությունն ու կիրառությունը հետաձգվեց մինչև 2011 թվականը։
Նշենք, որ «Մեհմեթչիք-1»-ի քաշը 3.6 կգ է։ Կրակում է ՆԱՏՕ-ի 5.56X45 մմ փամփուշտներով։ Խոցման արդյունավետ հեռավորությունը 500 մետր է, առավելագույնը՝ 1 կմ։ 1 րոպեում այն կարող է արձակել մինչև 750 գնդակ։
Հիշեցնենք, որ Ստամբուլում մայիսի 5-8 անցկացվել է IDEF-2015 պաշտպանական արդյունաբերության 12-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են մի շարք երկրների ռազմարդյունաբերական ընկերություններ, այդ թվում նաև՝ Ադրբեջանից և Ռուսաստանից։