Մեր ստորաբաժանումները սպառազինել ենք Ադրբեջանին համահունչ. Մովսես Հակոբյան

Մենք մեր բանակը զինում ենք ոչ թե պատերազմ սկսելու, այլ խաղաղություն պահպանելու համար։ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը մեր ամենամեծ դասն է։ Հայ ժողովուրդն այլևս ցեղասպանություն չի ապրելու և հայրենիքը չի լքելու։ Սա բոլորը պետք է հասկանան, այդ թվում՝ մեր հակառակորդները, և այդ ժամանակ բանակցելը հեշտ կլինի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ խոսելով հրադադարի հաստատման 21 տարիների մասին։

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

«Մենք քաջատեղյակ ենք Ադրբեջանի ռազմական պոտենցիալին, հետախուզական տվյալներին ամբողջությամբ տիրապեում ենք և իրենց սպառազինության սպառնալիքների կարիքը չունենք։ Ընդամենը կարող եմ ասել, որ որևէ բան չի փոխվելու, մենք դա գիտենք և մենք մեր տեղում ձեռքներս ծալած չենք նստելու, Ադրբեջանին համահունչ մենք մեր ստորաբաժանումները սպառազինել ենք»,- հավաստիացրել է ՊԲ հրամանատարը։

Ըստ Մովսես Հակոբյանի՝ հրադադարի հաստատման սկզբնական շրջանում կրակի դադարեցումը լավ պահպանվում էր և միտումնավոր խախտումներ, որպես այդպիսին, չէին լինում։

«Հրադադարի ռեժիմը պարտադրվել է Ադրբեջանին, և նա պարտադրված է եղել գնալ դրան։ Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք միտումնավոր խախտումներ: Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, երբ փորձում է վերսկսել պատերազմը, որն անկասկած նորից բերելու է նոր հրադադարի։ Ես վստահ եմ, որ այդ ժամանակ հրադադարն Ադրբեջանի համար նորից լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այսօրվա կարգավիճակը»,- շեշտել է ՊԲ հրամանատարը։

«Բանակցային գործընթացում հայտարարում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ։ Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ մենք պատրաստ ենք փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը։ Երբ Ադրբեջանը հասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման, և այդ փոխզիջումն ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունը այս տարածաշրջանում վերջնական կհաստատի»,- ասել է Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 21 տարի առաջ՝ 1994թ. մայիսի 12-ին, Բիշքեքում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվեց զինադադարի համաձայնագիր, որով վերջ դրվեց Արցախյան պատերազմի ակտիվ փուլին։

2 responses to “Մեր ստորաբաժանումները սպառազինել ենք Ադրբեջանին համահունչ. Մովսես Հակոբյան

  1. Pingback: Armday – Մեր ստորաբաժանումները սպառազինել ենք Ադրբեջանին համահունչ. Մովսես Հակոբյան

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 10-16 մայիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *