Մայիսի 12-ից 16-ը Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները Նախիջևանում և Բաքվում անցկացնում են համատեղ մարտավարական զորավարժություն։ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ մայիսի 12-ին, հայտնել է, թե ինչ քանակով և ինչ զորատեսակների ստորաբաժանումներ են մասնակցում վարժանքներին։
Ըստ հաղորդվող տվյալների` զորավարժությանը երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցում է շուրջ 1000 հոգանոց անձնակազմ, 80 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 60 միավոր հրետանային կայան ու ականանետեր, ռազմաօդային ուժերի 12 միավոր հարվածային ու բեռնատար ուղղաթիռ, ինչպես նաև ՀՕՊ ուժերի զենիթահրթիռային ստորաբաժանումներ։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ զորավարժության հիմնական նպատակը երկու երկրների զինված ուժերի միջև ռազմական համագործացության վարժ կազմակերպումն է։ Որպես այդ նպատակին հասնելու միջոց իրականացվելու են հարձակում պայմանական պաշտպանվող հակառակորդի ուղղությամբ, դեսանտայինների իջեցում հակառակորդի թիկունք, ինչպես նաև քննարկվելու են հարցեր՝ ՀՕՊ ուժերի համատեղ գործողությունների հղկման վերաբերյալ։
Հավելենք, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն, իր հերթին հայտնել էր, որ համատեղ վարժանքներում այդ երկիրը ներկայացված է լինելու մեկ հետևակային վաշտով՝ Բաքվում անցկացվող փուլում, և մեկ մեքենայացված հետևակային դասակով՝ Նախիջևանում անցկացվող փուլում։