Այսօր՝ մայիսի 11-ին, Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի զորավարժարանում մեկնարկել է վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություն։ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble partner վարժանքներին մասնակցում են շուրջ 600 ամերիկացի և վրաստանցի զինծառայողներ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Զորավարժության բացմանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ինչպես նաև բարձրաստիճան ներկայացուցիչներ ամերիկյան կողմից։
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին մշտապես աջակցելու և ռազմավարական վստահելի գործընկեր լինելու համար։
Վրաստանի վարչապետն ու պաշտպանության նախարար Խիդաշելին շրջայցով ծանոթացել են վարժանքներին մասնակից անձնակազմին և զորավարժության ժամանակ կիրառման համար նախատեսված տեխնիկային։ Արդեն հայտնի է, որ զորավարժությունն իրականացվելու է 3 փուլով՝ առաջին փուլը տեսական մասն է, երկրորդ փուլում կրակային պատրաստությունն է, իսկ եզրափակիչ փուլում՝ մարտավարական վարժանքները։
Հարկ է նշել, որ համատեղ վարժանքների համար ԱՄՆ-ն Վառնայից Սև ծովով Բաթումի նավահանգիստ էր ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև թիկունքային ապահովման այլ մեքենաներ։ Հայտնի է նաև, որ վրաստանյան կողմից զորավարժության ժամանակ օգտագործվելու են ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։
Զորավարժությանն ամերիկյան կողմից մասնակցում են «Բրեդլի» զրահափոխադրիչների և ԱՄՆ բանակի դեսանտայինների մեկական վաշտեր։ Իսկ վրաստանյան կողմից զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի 1-ին մեխանիզացված վաշտը, ինչպես նաև ռազմական ոստիկանության մի դասակ։
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ձևավորվել են 2002 թվականին։ Դեռևս 2013թ. այն ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին արագ արձագանքման ուժերի անդամ դառնալու համար։ Քննարկվում էր, որ Վրաստանը կարող է վերջինիս անդամակցել 2015 թվականից։