Ազգային ժողովի պատվիրակությունը եղել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

Մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի (ՊԱԱՆԳ) մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանձնաժողովի անդամների հետ եղել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ կայքը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված ««Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համատեքստում այցի նպատակն է եղել ծանոթանալ ինստիտուտի խնդիրներին և ձեռքբերումներին:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ փաթեթի ընդունմամբ լուրջ բարեփոխումներ կիրականացվեն համակարգում: Կառավարությունը վերոնշյալ օրենքի նախագծով սահմանում է զորամասերի և զինվորական հաստատությունների ստեղծման և գործունեության իրավական հիմքերը, դրանց կարգավիճակը: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ ոլորտում առկա բոլոր խնդիրները պետք է համակողմանի քննարկվեն և համատեղ ջանքերով լուծում ստանան:

Ռազմական ինստիտուտի հրամանատարական անձնակազմը պատգամավորներին ներկայացրել է ռազմական ինստիտուտի ստեղծման և վերակազմավորման պատմությունը, կառուցվածքը, կրթական գործընթացը, դրա կազմակերպման սկզբունքները, իրականացվող դասընթացները:

Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը (ձախից) ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին (կենտրոնում) ներկայացնում է ինստիտուտի կառուցվածքը և կրթական գործընթացը

Ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը (ձախից) ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին (կենտրոնում) ներկայացնում է ինստիտուտի կառուցվածքը և կրթական գործընթացը

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորականների մասնագիտական պատրաստվածությանը, աշխատանքի և աշխատակիցների կենցաղային պայմանների բարելավման հնարավորություններին:

Շրջելով ռազմական ինստիտուտի տարածքում՝ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են կուրսանտների առօրյայով, նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ծանոթացել ռազմական ինստիտուտի լսարանային պայմաններին: Նրանք հետևել են նաև ռազմական ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *