Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մայիսի 4-ին հաստատել է Ուկրիանայի և Լիտվայի հետ համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին բանաձևը, որը ուժի մեջ կմտնի հրապարակումից 2 շաբաթ անց՝ հնարավորություն տալով Կոմորովսկուն վավերացնել համապատասխան համաձայնագիրը:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Բրիգադը ստեղծվելու է որպես Եվրոպական Միության մարտական խմբերի բաղկացուցիչ մաս ու մասնակցելու է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գործողություններին: Ռազմական տեխնիկան և զինվորական անձնակազմերը, որոնք մտնելու են բրիգադի կազմի մեջ, մնալու են իրենց մշտական տեղակայման վայրերում և զորավարժությունների ու գործողությունների ժամանակ համակարգվելու են բրիգադի հրամանատարության կողմից:
Ներկայում բրիգադի միայն լեհական մասն է (50 սպա և 250 հոգանոց գումարտակ) տեղակայված բրիգադի գլխավոր շտաբում՝ լեհական Լուբլին քաղաքում: Մյուս երկու պետությունների բրիգադները միանալու են առաջիկայում:
Բրիգադի առաջին զորավարժությունը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը: Ըստ նախնական ծրագրերի՝ բրիգադի վերջնական կազմավորումը կիրականացվի երկու տարվա ընթացքում, ինչից հետո բրիգադը կունենա ընդհանուր 4500 հոգանոց անձնակազմ:
Նշենք, որ Լեհաստան-Ուկրաինա-Լիտվա համատեղ ռազմական բրիգադ ստեղծելու մասին բանակցությունները սկսվել են դեռևս 2007-ին: Երեք երկրների պաշտպանության նախարարների 2014-ի սեպտեմբերին կայացած հանդիպման ժամանակ ստորագրվել է նաև համաձայնագիր:
Հատկանշական է, որ Կոմորովսկին հայտարարել է, թե այս նախաձեռնությունը աջակցություն է Ուկրաինային՝ զինված ուժերի արդիականացման գործընթացում, ինչի մասին հայտնում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ Ռուսաստանի՝ Ղրիմն իրեն միացնելուց հետո տարածաշրջանի բոլոր երկրները մեծ զգոնություն են ցուցաբերում:
Հավելելնք, որ ԵՄ մարտական խմբերը ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ծրագրի ռազմական բաղադրիչն են: 8 մարտական խմբրից յուրաքանչյուրը բաղկացած է 1,500-անոց ստորաբաժանումներից: Մարտական խմբերն իրենց լիարժեք գործառնական հնարավորություններին հասել են 2007-ի հունվարին: