Թուրքիայի Չանաքքալե նահանգի Գելիբոլու (Գալիպոլի) գավառում մայիսի 5-ի երեկոյան քաղաքացիական ավտոմեքենան հարվածել է զինվորական մեքենային, ինչի հետևանքով մահացել է Թուրքիայի զինված ուժերի մեկ զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Ստամբուլ-Չանաքքալե մայրուղով ընթացող ոմն Սանիյե Օզբիչեր Չանաքքալեի Քորուքյոյ գյուղի մոտակայքում հարվածել է առջևից ընթացող զինվորական մեքենային:
Վթարի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ զինծառայող, հետևակի շարքային զինծառայող Յուսուֆ Աքչանը, իսկ ավագ սերժանտ Մեհմեթ Շիմշեքը, շարքայիններ Մուսթաֆա Օնարը և Մեհմեթ Թյուրքերը վնասվածքներ են ստացել:
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվում: