Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի ապրիլին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 7 և վիրավորման 3 դեպք։ Մահվան 7 դեպքերից 1-ը մարտական կորուստ է, 2-ը դժբախտ պատահարի, 3-ը ինքնասպանության և ևս 1-ը սպանության հետևանք։ Ինքնասպանություն գործածներից մեկը եղել է ազգային անվտանգության նախարարության աշխատակցի։
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա 3 զինծառայողն էլ վիրավորվել են նույն միջադեպի ժամանակ՝ նախնական տվյալներով՝ հայկական կողմի վարած ականանետային կրակի հետևանքով։
Հարկ է նշել, որ զինված ուժերում գրանցված մահվան ելքով 6 միջադեպերից 5-ի, ինչպես նաև 3 զինծառայողների վիրավորման մասին Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ ոչինչ չի հայտնել։ Սույն տեղեկությունները հասանելի են դարձել միայն սոցիալական ցանցերում որոնումների արդյունքում։
Կորուստներ
Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Նախիջևանի առանձին համազորային բանակի 2 զինծառայող՝ ավագ լեյտենանտ Անար Քերիմովն ու պայմանագրային զինծառայող Մեհդի Զեյնալովն ընկել են ձնաբքի մեջ, ինչի հետևանքով մահացել են։
Ապրիլի 8-ին Բաքվում սեփական բնակարանից՝ 7-րդ հարկից, իրեն նետելով ինքնասպան է եղել ազգային անվտանգության նախարարության աշխատակից, փոխգնդապետ Ալիև Ազեր Նամիգ օղլուն։
Ապրիլի 9-ին Բաքվի մերձակայքում տեղակայված զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել զինծառայող Աբբասով Ռզա Հուսեյնաղա օղլուն։
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ դրա նախօրեին՝ ապրիլի 14-ին, Աղդամի հատվածում հայկական կողմի դիպուկահարի գնդակից սպանվել է 1991-ին ծնված պայմանագրային զինծառայող, ենթասպա Շահմուրադ Ալիզադե Հիլալ օղլուն։ Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպը հաստատեց միայն երկու օր անց՝ ապրիլի 16-ին, երբ սոցիալական ցանցերում արդեն իսկ լայն տարածում էին ստացել ոչ միայն կորստի մասին տեղեկությունը, այլև սպանվածի լուսանկարը։
Ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Թարթառում տեղակայված զորամասերից մեկում իրեն ամրակցված զենքով ինքնասպան է եղել 1992-ին ծնված ժամկետային զինծառայող Մամեդով Շահին Բախթիյար օղլուն։
Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ նույն ամսվա 25-ին Գեդաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում գրանցվել է սպանության դեպք. Շամխորի շրջանից զորակոչված զինծառայող, սերժանտ Սեմեդ Միրիևը նախնական տվյալներով սպանվել է ծառայակիցների կողմից։ Ուշագրավն այն է, որ միջադեպն Ադրբեջանի ՊՆ-ն այդպես էլ չմեկնաբանեց, չնայած նրան, որ համացանցում հրապարակվել են ինչպես սպանվածի հուղարկավորության տեսանյութը, այնպես էլ դիահերձարանում դիակի զննման լուսանկարները։
Վիրավորներ
Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի վարած ականանետային կրակի հետևանքով ծանր վիրավորվել են Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկի 3 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ։
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո | Ռազմ.info