ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի Noble partner վարժանքների համար ԱՄՆ-ն Բուլղարիայից Սև ծովով Բաթում է ուղարկել 14 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև թիկունքային ապահովման մեքենաներ։ Այսօր՝ մայիսի 5-ին, ռազմական տեխնիկան արդեն հասել է վրաստանյան նավահանգիստ։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքը։
Ամերիկյան ստորաբաժանումները մասնակցելու են մայիսի 11-25-ը Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի զորավարժարանում կայանալիք վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները։
Տեխնիկայի տեղափոխման մասին երեկ՝ մայիսի 4-ին, հայտնել էր ԱՄՆ բանակի պաշտոնական կայքը՝ նշելով, որ բեռը ճանապարհվել է մայիսի 2-ին։
Նշենք, որ դեռևս ապրիլի 22-ին Վրաստանում ամերիկյան դեսպանատունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ վարժանքներին մասնակցելու համար Վրաստան են ժամանելու ամերիկացի 200 զինծառայող։ Նախապես հայտարարվել է, որ ամերիկյան կողմից զորավարժությանը մասնակցելու են «Բրեդլի» զրահափոխադրիչների վաշտ և ԱՄՆ բանակի դեսանտայինների 1 վաշտ։
Իսկ վրաստանյան կողմից զորավարժությանը մասնակցելու են զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի 1-ին մեխանիզացված վաշտը, ինչպես նաև ռազմական ոստիկանության մի դասակ։
ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ձևավորվել են 2002 թվականին։ Դեռևս 2013թ. այն ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին արագ արձագանքման ուժերի անդամ դառնալու համար։ Քննարկվում էր, որ Վրաստանը կարող է վերջինիս անդամակցել 2015 թվականից։
Հավելենք, որ 2008-ին Բուխարեստում անցկացված՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սկսվեց Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության պատրաստելու գործընթացը: 2014-ի սեպտեմբերի 4–5 Ուելսում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Վրաստանին առաջարկվեց համագործակցության փաթեթ, որը ենթադրում է Վրաստանում համատեղ ռազմաուսումնական և թիկունքային կենտրոնների հիմնում։
Այժմ Վրաստանն ակտիվորեն փոփոխություններ է անում պաշտպանական համակարգում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և Ուելսում համագործակցության նոր փաթեթի պահանջներն իրականացնելու համար։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info