Հայկական զինուժի կորուստները 2015-ի ապրիլին. Ռազմինֆո

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015-ի ապրիլի 1-ից 30-ն ունեցել են 4 զոհ և 10 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 1 կորուստ:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

տարբերանշանՈրպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։

Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Ապրիլ ամսվա 4 կորուստներից 2-ը մարտական են, մյուս 2-ը՝ ոչ մարտական։ 1-ական մարտական և ոչ մարտական կորուստ գրանցվել է ՊԲ-ում, 1-ական մարտական և ոչ մարտական կորուստ էլ գրանցվել է պաշտպանության նախարարության զորամասերում։

Մարտական կորուստներ

Ապրիլի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի գնդակից զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ (սպանություն մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) և 13-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) կետերով:

Ապրիլի 7-ին  ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Լևոն Մուշեղի Միրզոյանը:

Ոչ մարտական կորուստներ

Ապրիլի 10-ին զինծառայող Արթուր Անդրանիկի Առաքելյանը (ծնված 1996 թ.) մահացել է Պաշտպանության բանակի արևելյան զորամասերից մեկում, դժբախտ պատահարի հետևանքով։ Այս մասին հայտնել է ՊԲ մամուլի ծառայությունը:

Նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեն հավելել է,  որ զինծառայողը վնասվածք է ստացել ապրիլի 5-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, երբ ֆուտբոլ խաղալու ժամանակ ձեռքերով կախվել էր դարպասաձողից և վայր ընկել, ինչից հետո գլխին հարված էր ստացել պոկված դարպասաձողից: Դեպքից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ ապրիլի 10-ին զինծառայողը մահացել է:

Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։ Ավտովթարի հետևանքով  մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասի Թորոսյանը (ծնված 1995թ., Սիսիանի զ/կ, 2013թ. 2-րդ զորակոչ)։ Եվս 8 զինծառայող մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Վիրավորներ

Ապրիլի 17-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհին զինվորական «Ուրալ» մեքենայի մասնակցությամբ գրանցված վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 8 զինծառայող։

Ապրիլի 27-ին հայաստանայն Hetq.am լրատվակայքի հրապարակումից հայտնի դարձավ, որ ապրիլի լույս 21-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս ձախ ձեռքից վիրավորվել է ժամկետային զինծառայող Կամո Հովսեփյանը։

Ապրիլի 29-ին, պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ապրիլի 27-ին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով «թեթև քերծվածք» է ստացել Դիլիջան քաղաքի բնակիչ, 1963-ին ծնված Սպարտակ Վաչիկի Գուլինյանը, ում վիրակապել են Իջևանի բժշկական կենտրոնում և դուրս գրել։

Աղբյուրներ

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։

Այսպիսով՝

Հունվար —12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար —6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ—4 զոհ և 10 վիրավոր

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *