Արցախում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

Մայիսի 5-ին Արցախի իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Արցախի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման հերթական փորձ: ՊԲ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ: Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

One response to “Արցախում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

  1. Pingback: Armday – Արցախում ԵԱՀԿ հերթական դիտարկման ժամանակ հրադադարի խախտումներ չեն արձանագրվել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *