Մի խումբ ազատամարտիկներ հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված Եռաբլուրում կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ և ծաղկեպսակներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամներ, արցախյան պատերազմի վետերաններ, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այցելուները ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և  Անդրանիկ Զորավարի շիրիմներին:

Նույն օրը ՀՀ Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրվան: Ելույթ ունեցողներն անդրադարձել են Արցախյան ազատամարտի հերոսական դրվագներին, հիշել են կորցրած մարտական ընկերներին` խոնարհվելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առջև: Միջոցառման ընթացքում արցախյան ազատամարտում ցուցաբերած խիզախության համար մի խումբ ազատամարտիկներ հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *