IDEF-2015-ում ՌԴ-ի ու Թուրքիայի համար առաջնային է ՀՕՊ համակարգերի թեման

Մայիսի 5-8-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվելու է IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Ռուսաստանը ցուցահանդեսին ներկայանալու է ավելի քան 200 տեսակի զենքով ու ռազմական տեխնիկայով:  Ռուսատանյան կողմի ներկայացվածությամբ զբաղվում է ռուսաստանյան «Ռոստեխ» պետական ռազմարդյունաբերական կոնցերնը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Ռոստեխի» մամուլի ծառայությանը:

Ռուսաստանյան արտադրության Կա-31 ռազմական ուղղաթիռ

Ռուսաստանյան արտադրության Կա-31 ռազմական ուղղաթիռ

Ռուսաստանյան ցուցահարթակում տեղեկատավություն է տրամադրվելու ռազմական նշանակության 215 միավոր արտադրանքի, այդ թվում՝ Բերև Բե-200 ինքնաթիռի և թեթև, բազմանպատակային Կա-226 ու Կա-31 ուղղաթիռների վերաբերյալ:

«Ռոստեխ» կոնցերնի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենց առաջնային նպատակներից մեկը գիտատեխնիկական և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում Թուրքիայի հետ համագործակցելն է: «Մեզ համար կարևոր  է Թուրքիայի ռազմարդյունաբերության հետ զարգացնել  գիտատեխնիկական համագործակցությունը։  Հեռանկարային համատեղ ծրագրերը կապված են ցածր հեռահարության  ՀՕՊ համակարգերի, զրահատեխնիկայի, ինչպես նաև ռազմածովային տեխնիկայի և սպառազինության հետ»,—հավելել է կոնցերնի ներկայացուցիչը։

Կոնցերնի մամուլի ծառայության տեղեկություններով՝ Ռուսաստանն ու Թուրքիան  քննարկում են նաև թվայնացված կապի միջոցների և արբանյակային համակարգերի ստեղծման համատեղ նախագծի հնարավորությունները:

Հավելենք, որ ռուս-թուրքական ՀՕՊ համատեղ համակարգերի ստեղծման մասին քննարկումները սկսվել են դեռևս 2013-ին, երբ Թուրքիան հայտարարել էր ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: Ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը Թուրքիային առաջարկել էր ռուս-թուրքական համատեղ արտադրանքը ստեղծել «Անթեյ-2500» (Ս-300 ԶՀՀ-ի արդիականացված տարբերակը) զենիթահրթիռային համակարգերի հիմքով:

Նշենք, որ IDEF-2015 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու է 700 կազմակերպություն 46 պետությունից: Թուրքիան ներկայացնելու են 265 կազմակերպություն, որոնց թվում են նաև «Ասելսան» և «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունները: Մասշտաբային է նաև ԱՄՆ-ի (101 ընկերություն), Գերմանիայի (50 ընկերություն), Մեծ Բրիտանիայի (45 ընկերություն) և Ֆրանսիայի (34 ընկերություն) ռազմարդյուաբերության ներկայացվածությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *