2015թ մայիսի 5-8-ը Ստամբուլում անցկացվելիք 12-րդ միջազգային ռազմարդյունաբերական IDEF-2015 ցուցահանդեսում թուրքական «Ասելսան» ռազմաարդյունաբերական ընկերությունը ներկայացնելու է ռազմական նշանակության նոր արտադրատեսակներ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ թուրքական խոշորագույն ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերությունը այս տարի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացնելու է հակատորպեդային և հակատանկային պաշտպանության նոր միջոցներ։ Ցուցահանդեսի ասելսանյան նորույթներից են լինելու նաև փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային HISAR-A համակարգը, էլեկտրաօպտիկական համակարգեր, անվտանգության և կապի համակարգեր։
Զենիթահրթիռային սեփական համակարգի մշակումը Թուրքիան սկսել է 2011 թվականին Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարած «Ցածր հեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ» (HISAR-A) նախագծի շրջանակներում։ Համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին։
Ծրագիրն իրականացնում է «Ասելսան» ընկերությունը: Աշխատանքներին մասնակցում է մեկ այլ խոշոր թուրքական ռազմարդյունաբերական ընկերություն՝ «Ռոքեթսանը» (Roketsan), որն էլ զբաղվում է հրթիռների արտադրությամբ։
Հավելենք, որ Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական «Ասելսան» ընկերությունն իր արտադրանքներն արտահանում է աշխարհի 48 երկրներ՝ այդ թվում Ադրբեջան, Ղազախստան, Պակիստան և Հորդանան։
Ավելացնենք նաև, որ «Ասելսանը» մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ։ Ընկերության մասին առավել մանրամասն կարող եք կարդալ Ռազմական հանրագիտարանի «Ասելսան» հոդվածում:
Pingback: IDEF-2015-ում ՌԴ-ի ու Թուրքիայի համար առաջնային է ՀՕՊ համակարգերի թեման | Ռազմ.info