Հայաստանի զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ հրթիռահրետանային ստորաբաժանումների մեկամսյա ճամբարային հավաք, որի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է զորավարժություն մարտական կրակի ուղեկցմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը:
Զորավարժության սցենարի համաձայն՝ հակառակորդն անցել է հրաձգության, հայկական կողմի հրետանավորներն էլ, ստանալով համապատասխան հրաման, մարտական կրակով լռեցրել են հակառակորդի կրակը:
Զորավարժության նպատակն է եղել կատարելագործել զորատեսակի ստորաբաժանումների գործողությունները պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման ժամանակ, բարձրացնել հրամանատարների ֆունկցիոնալ պարտականությունների կատարման արդյունավետությունը, ինչպես նաև ստորաբաժանումների ներդաշնակվածությունը:
Զորավարժության ավարտին ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ, գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը ներկաներին՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությանն է ներկայացրել նոր զինտեխնիկա, մասնավորապես օպտիկաէլեկտրոնային դիտարկման սարքավորումներ և այլն: