Մայիսի 3-ին մայիսյան տոների առթիվ Տավուշի մարզի Զորական գյուղում ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի և ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանների հանդիսավոր բացումն էր։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, հոգևորականներ, հյուրեր Ռուսաստանից։
Մարշալների հայրենի գյուղը՝ Չարդախլուն, այժմ ներկայիս Ադրբեջանի տարածքում է։ Դեռևս 1988 թվականին հայկական գյուղը հայաթափվել է, բնակիչները ստիպված տեղափոխվել են Տավուշի մարզի Զորական գյուղ։
Չարդախլվեցիների համար կարևոր ու սպասված միջոցառումը սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի գլխավորությամբ մարշալների կիսանդրիների , ինչպես նաև Հայոց ցեղասպանության, Արցախյան հերոսամարտի և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երեք խաչքարերի օծմամբ։ Այնուհետև ներկաներին ողջունեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ այս հուշարձանների բացումը պարտավորեցնում է բոլորին, քանի որ այս հերոսները կերտել ու ապահովել են մեր այսօրվա խաղաղ արարումը։
«Ես իմ կյանքը մի որոշ հատված՝ 1965-74թթ. ապրել եմ Չարդախլուի մոտ գտնվող Աթաբեկ գյուղում, և տեսել եմ, թե ինչպիսին էր կյանքն այնտեղ։ Հայը որտեղ ապրել է, այնտեղ շենացրել ու գեղեցկացրել է, ինչպես այսօր Զորական գյուղն են շենացնում չարդախլվեցիները։
Նախարարը շեշտեց նաև, որ Չարդախլուն առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ՝ տալով զորավարների մի մեծ աստղաբույլ։
«Չարդախլուն ոչ միայն հայ ազատագրական պայքարում, այլև երկրագնդի ամենախոշոր՝ Համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթական ավարտի ելքը որոշողներից մեկն է եղել՝ իր գեներալներով, զինվորականներով, իր երկու հզոր մարշալներով։ Եթե չլիներ մեր պապերի հերոսական անցյալը, չարդախլեցու քաջությունն իր արտացոլումը չէր ստանա նաև Արցախյան ազտամարտի տարիներին»։
Հատկանշական է, որ միջոցառման ժամանակ ընթերցվեց Հայրենական պատերազմի վետերան, Խորհրդային միության մարշալ Դմիտրի Տիմոֆեյևիչ Յազևի շնորհավորական ուղերձն ուղղված հայ ժողովրդին և Չարդախլուին։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, ինչպես նաև Տավուշի մարզի Զորական գյուղում ԽՍՀՄ հերոսներ մարշալ Բաղրամյանի և Բաբաջանյանի հուշարձանների տեղադրման միջոցառումների առթիվ պաշտպանության նախարարը խրախուսական պարգևներ հանձնեց միջոցառման կազմակերպիչներին, Հայաստանի սահմանի պաշտպանության համար Զորական գյուղի նախկին և ներկա զինծառայողներին։
Միջոցառման երկրորդ հատվածում ելույթ ունեցան ՊՆ «Զորական» անսամբլը և Երևանի կրկեսի դերասանները։
Միջոցառման ավարտին հատուկ ջոկատայիններն անցկացրին պաշտպանողական և հարձակողական ոճի ցուցադրական պարապմունքներ։
Լուսանկարները՝ Նարինե Վարդանյանի
Pingback: Armday – Զորական գյուղում տեղադրվել են մարշալներ Բաբաջանյանի և Բաղրամյանի հուշարձանները (ֆոտո)
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 3-9 մայիսի, 2015 | Ռազմ.info