Էստոնիայում խոշոր զորավարժություն է մեկնարկել

Այսօր՝ մայիսի 4-ին, Էստոնիայի ամբողջ պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունն է մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Էստոնիայի զինված ուժերի գլխավոր շտաբին։

Էստոնիայի ԶՈւ զինծառայողները զորավարժություններից մեկի ժամանակ

Էստոնիայի ԶՈւ զինծառայողները զորավարժություններից մեկի ժամանակ

«Siil 2015» անունը կրող զորավարժությունն անցկացվելու է մինչև մայիսի 15-ը։ Այն փոխարինելու է ամեն տարի Էստոնիայում անցկացվող «Գարնանային փոթորիկ» զորավարժությանը։ Ինչպես հաղորդում է լրատվական գործակալությունը, վարժանքներին մասնակցելու են ժամկետային զինծառայողներ, զինվորականներ, պահեստազորայիններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորախմբեր։

Մասնակիցների թիվն այսքան մեծ է եղել, քանի որ ներգրավվել են նաև 2012- 2014 թվականների պահեստազորը համալրածները։ Վարժանքների ամբողջ բյուջեն կազմում է 6.4 մլն եվրո։

Նշենք, որ այժմ էստոնական Տապա քաղաքում տեղակայված ռազմաբազայում ռոտացիոն հիմունքներով տեղակայված է ԱՄՆ բանակի հետևակային 3-րդ դիվիզիայի 7-րդ գնդի տանկային մեկ դասակ, որի կազմում կա 4 միավոր Մ1Ա2 Աբրամս տանկ։ Այնտեղ են նաև ամերիկյան 173-րդ օդադեսանտային բրիգադի 2 դասակ, որոնք նույնպես մասնակցելու են զորավարժությանը։

Հիշեցնենք, որ  Էստոնիան ՆԱՏՕ-ին է անդամակցել 2004-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *