Ապրիլի 30-ին Չինաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայն երկու երկրների ռազմական փորձի փոխանակման ծրագրի՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն մայիսի կեսին զինված ուժերի համատեղ զորավարժություն կանցկացնեն Միջերկրական ծովում։ Այս մասին ապրիլի 30-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Զորավարժության ընթացքում կիրականացվեն ծովային փոխադրումների անվտանգության ապահովման համատեղ գործողությունների մշակման, ծովում պաշտպանական գործողությունների կատարելագործման, նավերի ուղեկցման և զինատեսակների գործնական օգտագործման կատարելագործման աշխատանքներ։
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 30-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նաև, որ զորավարժությանը երկու երկրների ռազմածովային ուժերի ստորաբաժանումնեի կազմում կներգրավվի ընդհանուր առմամբ 9 ռազմանավ, այդ թվում՝ Չինաստանի ԶՈւ «Լինյի», «Վեյֆան» և «Վեյշանհաու» ռազմանավերը, որոնք այժմ խնդիր են կատարում Ադենի ծովածոցում և Սոմալիի ափամերձ շրջաններում։
Նա նաև ավելացրել է, որ զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի համատեղ գործողությունների կատարելագործմանը և փորձի փոխանակմանը և կապ չունեն ստեղծված ռազմաքաղաքական որևէ իրավիճակի հետ։
Լրատվական գործակալությունը նաև հիշեցրել է, որ դեռևս 2014-ի նոյեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանեմի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է 2015-ին համատեղ զորավարժություններ անցկացնել Խաղաղ օվկիանոսում և Միջերկրական ծովում։
Pingback: Թուրքիան և ԱՄՆ-ն զորավարժություն կանցկացնեն Միջերկրական ծովում | Ռազմ.info