Իրանը և Սիրիան ամրապնդում են ռազմավարական համագործակցությունը

Ապրիլի 28-ին Իրան կատարած երկօրյա այցի շրջանակներում Սիրիայի ՊՆ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջը հանդիպել է Իրանի ՊՆ Հոսեյն Դեհղանի և խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ։ Կողմերը քննարկել են իսլամական խմբավորումների դեմ պայքարում համատեղ գործողությունների մեխանիզմները։ Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը։

Սիրիայի ՊՆ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջ և Իրանի ՊՆ Հոսեյն Դեհղանը

Սիրիայի ՊՆ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրիջ և Իրանի ՊՆ Հոսեյն Դեհղանը

Մինչ այցի մասին պաշտոնական նորությունների հրապարակվելը ենթադրվում էր, որ Սիրիայի պաշտպանության նախարարը մեկնում է Իրան՝ իրանական կողմից օգնության ակնկալիքով, քանի որ սիրիական բանակը վերջին շրջանում մի շարք անհաջողություններ էր կրել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում:

Իսկ ահա հանդիպումներից հետո հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում որոշվել է խորացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ տարվող պայքարում։ Երկու երկրների նախարարները ընդգծել են զինված ուժերի ռազմավարական համագործակցության ընդլայնման, և տարածաշրջանում ստեղծված սպառնալիքների դեմ միասին պայքարելու անհրաժեշտությունը։

Սիրիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ, պաշտպանության նախարար  Ալ-Ֆրիջին իրանցի գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում տիրող իրավիճակը, ընդգծել այն քայլերը, որոնք արվում են ահաբեկչության դեմ պայքարում։

Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է օգնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում՝ նշելով, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը սպառնա Սիրիայի կայունությանը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությանը։

Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Սիրիայի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանի հետ։ Վերջինս ևս ընդգծել է, որ Իրանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Սիրիային։ Նա ընդգծել է, որ Իրանը կաջակցի Սիրիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և մնացած իսլամական խմբավորումների դեմ պայքարում՝ մինչև վերջնական հաղթանակի հասնելը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *