Իրանի ինքնաթիռի վայրէջքն արգելելու համար Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Սանայի օդանավակայանը

Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ապրիլի 28-ին առնվազն 7 ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի երթուղուն՝ չթողնելով, որ Իրանի՝ մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռ վայրեջք կատարի: Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը:

Սանայի ռմբակոծված օդանավակայանը

Սանայի ռմբակոծված օդանավակայանը

Արաբական կողմն իր քայլը պատճառաբանել է նրանով, որ իրանցի օդաչուն հրաժարվել է գործողությունները համակարգել կոալիցիայի իշխանությունների հետ: Կոալիցիայի խոսնակ բրիգադի գեներալ Ահմեդ Ասսերին հայտարարել է, որ երթուղու ռմբակոծման հետևանքով երկար ժամանակ հնարավոր չի լինի մարդասիրական օգնություն հասցնել Եմենի բնակչությանը:

Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռը պատկանել է իրանական Կարմիր մահիկի շարժմանը: Իրանցի օդաչուն չի ենթարկվել արաբական կոալիցիայի իշխանությունների հրահանգներին՝ դրանք համարելով անօրինական, իսկ վերջիններիս քայլերը իրանական իշխանությունները որակել են միջազգայիան իրավական նորմերի ոտնահարում:

Իրանական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ապրիլի 28-ին առանց վայրէջք կատարելու Իրան վերադարձած ինքնաթիռի օդաչուն նշել է, որ ինքնաթիռում եղել են 13 բժիշկ ու 10 տոննա բժշկական օգնություն, և հավելել, որ իրանական քաղաքացիական ինքնաթիռը նախապես թույթտվություն է ստացել Օմանի և Եմենի իշխանություններից իրենց օդային տարածք մտնելու համար:

Ավելացնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիաների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսեց ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը:

Սակայն այդ գործողությունները բերեցին նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարմանը, քանի որ վերջինս ոչ պաշտոնապես օգնում է հութիներին: Փոխադարձ մեղադրանքները, սակայն, ռազմական առճակատման չեն հասցրել:

2 responses to “Իրանի ինքնաթիռի վայրէջքն արգելելու համար Սաուդյան Արաբիան ռմբակոծել է Սանայի օդանավակայանը

  1. Pingback: Եմենում հնգօրյա զինադադարից ժամեր առաջ նոր ավիահարվածներ են հասցվել | Ռազմ.info

  2. Pingback: Եմենում հնգօրյա զինադադար կհաստատվի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *