Ադրբեջանի զինված ուժերն օրերս ունեցել է հերթական կորուստը, որի մասին չի հայտարարվել պաշտոնական աղբյուրներով։ Գեդաբեկի շրջանում (սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին) տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում գրանցվել է սպանության դեպք. Շամխորի շրջանից զորակոչված զինծառայող, սերժանտ Սեմեդ Միրիևը նախնական տվյալներով սպանվել է ծառայակիցների կողմից։ Որպես միջադեպի օր նշվում է ապրիլի 24-ը։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնի է դարձել սոցիալական ցանցերից։
Բաց աղբյուրների հետագա ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել նաև, որ որպես միջադեպի մեղավորներ հիշատակվում են սպանվածի 3 ծառայակիցներն ու 1 սպա (լեյտենանտ Ջավադով)։
Ուշագրավ է նաև, որ Միրիևի մահվան մասին հայտնող աղբյուրները նշում են, թե ծառայակիցները նրան սպանել են ՝ ենթարկելով ծեծի։ Սակայն համացանցում արդեն իսկ կան սպանվածի մարմնի՝ դիահերձարանում արված լուսանկարները, որոնցում Միրիևի կրծքավանդակի ձախ հատվածում երևում է հրազենային միջանցիկ վիրավորում։
Հավելենք, որ սա Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում 2015-ի ապրիլին գրանցված մահվան ելքով 7-րդ դեպքն է, որը հայտնի է դարձել։
Pingback: Armday – Ադրբեջանում ԶՈւ զինծառայողները սպանել են իրենց ծառայակցին Razm.info
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info