Հակառակորդի ԱԹՍ-ներ «առևանգելու» ձևերը ներկայացված են համացանցում

Տեղորոշման GPS համակարգով աշխատող անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) «առևանգելու» ձևը գտնելու համար, պարզվում է, բավարար է նման նյութեր փնտրել որոնողական համակարգերում: Այդպիսիք բաց և հասանելի դրված են համացանցում: Այս մասին, ըստ ռուսաստանյան Sputnik news լրատվամիջոցի, հայտարարել է իսրայելական Israel Aerospace Industries ընկերության կիբեր ծրագրերի տնօրեն Էսթի Փեշինը (Esti Peshin) Վաշինգտոնում անցկացված կիբերանվտանգության կոնֆերանսի ժամանակ:

RQ-170 անօդաչու թռչող սարքի հիմքի վրա ստեղծված իրանական անօդաչու

RQ-170 անօդաչու թռչող սարքի հիմքի վրա ստեղծված իրանական անօդաչու

Մասնագետի խոսքով՝ համապատասխան որոնման հրահանգների դեպքում կարելի է գտնել գիտական աշխատանքներ, որոնցում մանրամասնորեն բացատրված է անօդաչուներին GPS համակարգի կեղծ ազդանշաններ ուղարկելու և դրանով նրանց խաբելու ձևը:

2011թ. հրապարակված հետազոտությունը, որի մասին խոսել է իսրայելցի մասնագետը, կատարվել է ԱԹՍ-ների թույլ կողմերը պարզելու համար, սակայն ըստ էության այն կարող է օգտագործվել հենց այդ թույլ կողմերից օգտվելու և ԱԹՍ-ներն «առևանգելու» համար:

Որպես նման սցենար դիտարկվում է մասնավորապես 2011թ. Իրանում ամերիկյան ԱԹՍ-ի իջեցման դեպքը: Հստակ չէ՝ իրանցիներն այդ հետազոտությանը ծանոթ են եղել, թե չէ, բայց Փեշինի խոսքով՝ ամերիկյան սարքի առևանգումը եղել է ուսումնասիրության հրապարակումից մոտ մեկ ամիս անց, ինչը հավանական է դարձնում իրանցիների օգտվելը դրանից:

Հիշեցնենք, որ 2011թ. դեկտեմբերին Թեհրանը հայտարարել էր, որ իրանցի մասնագետները կարողացել են որսալ ամերիկյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք, որն առանց թույլտվության մուտք էր գործել Իրանի օդային տարածք։ Ավելին, իրանցիներին հաջողվել էր անօդաչուն առանց վնասնելու իջեցնել անապատային վայրում, ինչը թույլ էր տվել կազմակերպել դրա հետագա ուսումնասիրությունները և դրա իրանական տարբերակը ստեղծել:

Ավելացնենք, որ ամերիկյան GPS համակարգը երկրագնդի շուրջ պտտվող արհեստական արբանյակների ու ցամաքային կայանների համակարգ է, որի միջոցով համակարգի արբանյակների ազդանշաններն ընդունող սարքավորումները, այդ թվում և ԱԹՍ-ները, կարողանում են որոշակի հստակությամբ որոշել իրենց դիրքը, տեղադրությունը: Վերևում նշված սկզբունքով, փաստորեն, կարելի է կեղծել անօդաչու թռչող սարքի ստացած ազդանշանները (սեփական կեղծ ազդանշաններ ուղարկել), ապակողմնորոշել սարքը և յուրացնել այն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *