Իրանը Պարսից ծոցում նավարկող ամերիկյան բեռնանավ է կալանքի տակ առել

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կասեցրել է Պարսից ծոցի իրանական ջրերում Մալդիվյալ կղզիների դրոշի ներքո նավարկող ԱՄՆ բեռնանավը: Ըստ իրանյան կողմի՝ բեռնանավը իրանական նավահանգստի և Ծովային կազմակերպության հետ իրավական վեճ է ունեցել: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական կայքը:

Ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպության բեռնանավը Պարսից ծոցում

Ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպության բեռնանավը Պարսից ծոցում

Բեռնանավը պատկանում է ամերիկյան Maersk Tigris առևտրական կազմակերպությանը, ինչը հաստատել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: Այն բանից հետո, երբ իրանական նավահանգստի և Ծովային կազմակերպության բողոքի հիման վրա դատարանը վճռել է կալանքի տակ վերցնել նավը, ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տեղի ունեցածը որևէ կապ չունի քաղաքական կամ ռազմական խնդիրների հետ:

Համաձայն իրանական աղբյուրների՝ նավի անձնակազմը եղել է 34 հոգանոց և մեծամասնությունը եվրոպացիներ են, իսկ ամերիկյան The New York Times պարբերականը հայտնում է, որ անձնակազմում եղել է 24 հոգի:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել  բեռնանավի՝ Պարսից ծոցի միջազգային ջրային տարածքում նավարկելու ժամանակ: Այն բանից հետո, երբ իրանական կողմը նախազգուշացնող կրակ է բացել բեռնանավի ուղղությամբ, վերջինիս անձնակազմը ահազանգ է ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերին՝ խնդրանքով, որ վերջիններս ռազմանավ ուղարկեն դեպքի վայր և այդտեղ տեղակայեն նաև ավիակիր՝ իրավիճակը վերահսկելու նպատակով: Ապրիլի 28-ին ԱՄՆ ՌԾՈւ-ն այնտեղ է ուղարկել էսմինեց ռազմանավ:

Հիշեցնենք, որ Եմենում ծավալվող քաղաքացիական պատերազմի պատճառով խիստ լարվել են ոչ միայն Իրան-Սաուդյան Արաբիա, այլև Իրան-ԱՄՆ հարաբերություները: Վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել նաև այն, որ ՄԱԿ-ի կողմից հութիներին զենք մատակարարելու մասին էմբարգոյի որոշման ընդունումից հետո Իրանը 9 նավ էր ուղարկել Եմենի ափերի մոտ, ինչը լուրջ կասկածներ էր առաջացրել, թե Թեհրանը կրկին փորձում է զինել Եմենի ապստամբներին:

Ենթադրությունները կանխելու նպատակով ԱՄՆ-ն իր Theodore Roosevelt ամերիկյան ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը, դա արվել է ամերիկյան 8 նավերի՝ Պարսից ծոցից Կարմիր ծով անվտանգ նավարկությունը ապահովելու և վերահսկելու իրանական նավերի գործողությունները համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *