Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողների հերթափոխ է իրականացվում

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայում սկսվել է շուրջ 3 հազար զինծառայողների հերթափոխը: Նոր անձակազմի զինծառայողները կտեղաբաշխվեն Երևանի և Գյումրու ստորաբաժանումներում՝ ըստ մասնագիտությունների: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի՝ զորավարժությանը մասնակից զինծառայողները

Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայողները

Հերթափոխը կատարվում է զորակոչով: Նորակոչիկները Ռուսաստանի 10 շրջաններից ռազմական ուսումնական կենտրոնների սաներ և այլ զորամասերի զինծառայողներ են: Վերջիններս սպաներից, բժիշկներից և հոգեբաններից կազմված հանձնաժողովի կողմից ընտրվել են՝ ըստ իրենց ֆիզիկական, առողջության, բարոյահոգեբանական պատրաստվածության և մասնագիտական հմտությունների: Փոխարինման արդյունքում, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ռազմաբազայի զինծառայողների քանակը չի փոփոխվելու:

Ավելացնենք, որ 2015թ. հունվարի 13-ին, ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։

Սակայն մի քանի օր անց մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց՝ Interfax գործակալությունը, նույնպես հղում անելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիում կատարվածի հետ: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով և Տ-72Բ տանկերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *