Սաուդյան Արաբիան ցամաքային զորքեր է մոտեցրել Եմենի սահմանին

Սաուդյան Արաբիայի Ազգային գվարդիան տեղակայվել է Եմենին սահմանակից Նաջրան նահանգում: Այս զորքերը բաղկացած են մեքենայացված հետևակային բրիգադից, հրետանային և ականանետային միավորումներից, հակաօդային պաշտպանության համակարգերից և այլ ծառայություններից:

Սաուդյան Արաբիայի Ազգային գվարդիան Եմենին սահմանակից Նաջրան նահանգում

Սաուդյան Արաբիայի Ազգային գվարդիան Եմենին սահմանակից Նաջրան նահանգում

Ազգային գվարդիայի՝ սահմանին տեղակայվելու հրամանը տվել է երկրի թագավոր Աբդուլազիզ ալ Սաուդը: Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի Saudi Press լրատվական գործակալությունը:

Ապրիլի 25-ին և 26-ին Սաուդյան Արաբիան Եմենի մայրաքաղաք Սանայում նոր հարվածներ է հասցրել՝ չնայած, որ վերջինիս գլխավորած արաբական կոալիցիան մարտի 21-ին հայտարարել էր՝ իրենք ավարտել են Եմենում արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող «Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը:

Հատկանշական է նաև, որ Եմենի բնակչությունը հայտվել է ծայրահեղ ծանր իրավիճակում, քանի որ արաբական կոալիցիայի երկրները ծովից շրջափակել են երկիրն ու թույլ չեն տալիս հաց ու այլ սննդամթերք ներմուծել Եմեն:

Միևնույն ժամանակ գնալով ավելի է խստանում Իրան-Սաուդյան Արաբիա հակամարտությունը: Վերջին օրերին Իրանն հայտարարում է, որ ուժեղացնելու է իր ռազմական ներկայությունը Ադենի ծոցում: Մասնավորապես Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ռեար Հաբիբոլլահ Սայարին ապրիլի 24-ին  Իրանում տեղակայված Arabic-language al-Alam լրատվական ալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, թե 34-րդ նավատորմի առաքելության ավարտից հետո Ադենի ծոց կարող են ուղարկվել նաև իրանական 35-րդ և 36-րդ նավատորմները:

Իրանցի պաշտոնյան հավելել է, որ իրենց ռազմանավերը նավարկում են միջազգային ջրերում՝ չխախտելով միջազգային ծովային իրավունքի նորմերը: Սայարիի խոսքերով՝ վերջիններիս ներկայությունը ապահովում է ոչ միայն իրենց, այլև մյուս պետությունների՝ Պարսից ծոցում նավարկող առևտրական նավերի անվտանգությունը և կապ չունեն Եմենի ապստամբ հութիներին զենք մատակարարելու հետ:

Ավելացնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիաների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսեց ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը:

Սակայն այդ գործողությունները բերեցին նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարմանը, քանի որ վերջինս ոչ պաշտոնապես օգնում է հութիներին: Փոխադարձ մեղադրանքները, սակայն, ռազմական առճակատման չեն հասցրել:

One response to “Սաուդյան Արաբիան ցամաքային զորքեր է մոտեցրել Եմենի սահմանին

  1. Pingback: Իրանը Պարսից ծոցում նավարկող ամերիկյան բեռնանավ է կալանքի տակ առել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *