Վրաստանի Պանկիսի շրջանի երիտասարդներին Սիրիայի մարտերի համար հավաքագրող անձինք Վրաստանի իշխանությունների վերահսկողությունից դուրս են, սակայն օպերատիվ աշխատանքներ են տարվում։ Այս մասին ապրիլի 27-ին հայտնում է վրաստանյան ընդդիմադիր «Грузия Онлайн» , լրատվակայքը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիային։
Նախարարի տեղակալը թեև չի մասնավորեցրել, թե հատկապես ինչ աշխատանքների մասին է խոսք գնում, բայց նշել է, որ իրենք հստակ տիրապետում են տեղեկատվության, որը դեռևս պիտի հաստատվի։ Վերջինիս մասին հասարակությունը կտեղեկանա անպայման։
Խնդիրն այն է, որ Վրաստանի հյուսիսարևելյան հատվածում գտնվող Պանկիսի կիրճում ապրում են իսլամ դավանող քիստեր (չեչեններ)։
Վերջին շրջանում Պանկիսիում կատարվող իրադարձությունները վրաստանյան մամուլում մեծ աղմուկ են բարձրացրել։ Կիրճից հավաքագրում են երիտասարդների՝ Սիրիայում «Իսլամական պետություն» զինված խմբավորման շարքերը համալրելու համար։
Պանկիսի կիրճի ավագների խորհուրդը ապրիլի 6-ին հավաք էր արել ,՝ դիմելով Վրաստանի իշխանություններին հավաքագրումները կանխելու պահանջով։ Հավաքից մի քանի օր առաջ՝ ապրիլի 2-ից կիրճից անհետացել են 16-ամյա Մուսլիմ Կուշտանաշվիլին և 18-ամյա Ռամզան Բաղակաշվիլին։
Պանկիսիում գործող ավագների խորհուրդը կազմված է հիմնականում սուֆիզմի հետևորդներից, սակայն խորհրդի ազդեցությունն աստիճանաբար թուլանում է, քանի որ տեղի երիտասարդության շրջանում մեծանում է սալաֆիականության (վահաբականություն) դերը, ինչն էլ անհանգստացնում է սուֆիզմի հետևորդներին, քանի որ երիտասարդների շրջանում արմատավորվում է ծայրահեղականությունը։
Թեմայի վերաբերյալ հայտարարություն էր արել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ պետք չէ այս հարցի մեղավոր համարել Վրաստանի կառավարությանը, քանի որ, ըստ Ղարիբաշվիլիի, Պանկիսիից ամենաշատը գնացել են Սիրիա դեռևս Սաակաշվիլիի օրոք։ Ղարիբաշվիլին հավելել էր նաև, որ այս խնդիրն անհանգստացնում է ամբողջ աշխարհին, Վրաստանն էլ բացառություն չէ։
Սիրիայում կռվող ամենահայտնի վրաստանցին (նույնպես Պանկիսիի կիրճից) Թարխան Բատիրաշվիլին է, նույն ինքը՝ Ումար ալ Շիշանին (Շիշանին արաբերեն Չեչնիան է)։ Բատիրաշվիլին Սիրիայում «Իսլամական պետության» խմբավորման հայտնի հրամանատարներից է։ Դեռ 2014-ին ԱՄՆ-ն Բատիրաշվիլուն ներառել է ԻՊ-ի հետ կապ ունեցող ամենավտանգավոր 11 ահաբեկիչների ցանկում։
Հավելենք նաև, որ երբ 2014-ի դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ Սիրիայում սպանված ևս մեկ վրաստանցու մասին, երկրի խորհրդարանը որոշեց օրենքի նախագիծ մշակել, որով պատասխանատվության կենթարկվեն բոլոր այն քաղաքացիները, ովքեր օտար երկրներում կմասնակցեն զինված հակամարտություններին։ Խոսքը չի վերաբերում, սակայն, Ուկրաինայի կառավարական ուժերի կազմում Դոնբասում կռվող վրաստանցիներին։
Սիրիական հակամարտության ընթացքում արդեն մահացել է 11 վրաստանցի, որոնցից 10-ը եղել են Պանկիսիի կիրճից (Ախմետի շրջան), 1-ը՝ Աջարիայից։ Նշենք, որ Վրաստանի Ախմետի շրջանը հյուսիսից սահմանակից է Չեչնիային, իսկ արևելքից՝ Դաղստանին։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 26 ապրիլի – 2 մայիսի, 2015 | Ռազմ.info