Երևանում Պուտինը և Օլանդը քննարկել են «Միստրալների» խնդիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր՝ ապրիլի 24-ին, հանդիպել են Երևանում և ի թիվս այլ հարցերի քննարկել Ռուսաստանին «Միստրալ» ռազմանավերը տրամադրելու կամ արդեն վճարված գումարը փոխհատուցելու խնդիրը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահի նստավայրում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիրի Պուտինի հանդիպումը Հայաստանի նախագահի նստավայրում

Օսմանյան կայսրությունում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած նախագահները ՀՀ նախագահի նստավայրում անցկացված երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են ինչպես երկու երկրների հարաբերությունները, այնպես էլ Ուկրաինական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ տարեսկզբին Միսկում ձեռքբերված համաձայնությունների կատարումը և Ֆրանսիայի՝ Ռուսաստանին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր տրամադրելու կամ դրա փոխարեն ռուսաստանյան կողմի վճարած գումարը վերադարձնելու հարցերը:

«Միստրալ» ռազմանավերի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահը նախօրեին Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ֆրանսիական կողմը չի փոխանցելու ռազմանավերը, բայց պատրաստ է վերադարձնել վերադարձնել ռազմանավերի համար ռուսական կողմի վճարած գումարը:

Երևանում այսօրվա հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Օլանդը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում չի հաջողվել քննարկվող հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին կնքված գործարքով Ֆրանսիան պարտավորվել էր երկու միավոր «Միստրալ» դասի ուղղաթիռակիր նավեր կառուցել և փոխանցել Ռուսաստանին: Ռուսաստանը վճարել է գործարքով նախատեսված գումարի մի մասը: Սակայն հետագայում Ուկրաինական ճգնաժամի պատճառով ֆրանսիական կողմը որոշեց կասեցնել ռազմանավերի տրամադրումը մինչև ճգնաժամի լուծումը:

Դրան ի պատասխան՝ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ «Միստրալները» չստանալու դեպքում պահանջելու է ինչպես արդեն վճարած գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված տուգանքը (ըստ ռուսաստանյան կողմի՝ մոտ 1,66 միլիարդ ամերիկյան դոլար): Սակայն 2015թ. ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցների չի ենթարկի Փարիզին (նկատի ունի՝ տուգանքներ չպահանջելը), եթե Ֆրանսիան վերադարձնի վճարված գումարը (մոտ 1,3 մլրդ դոլար):

Տարեսկզբին Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցություններից հետո ֆրանիսական կողմը հայտարարեց, որ դրական տեղաշարժ կա, բայց «Միստրալները» փոխանցելու համար բավարար պայմաններ դեռ չկան:

Ներկայում ռազմանավերից երկուսն էլ արդեն պատրաստ են: Դրանցից մեկն արդեն փորձարկվել է, մյուսը՝ դեռ փորձարկումների փուլում է:

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

Ռուսաստանի համար նախատեսված ֆրանսիական արտադրության առաջին ուղղաթիռակիր նավը՝ «Վլադիվոստոկը»

Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

One response to “Երևանում Պուտինը և Օլանդը քննարկել են «Միստրալների» խնդիրը

  1. Pingback: Ֆրանսիայի նախագահը Երևանից հետո մեկնել է Բաքու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *