Կասպից ծովում հակադիվերսիոն պաշտպանության զորավարժություն է անցկացվել

Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի նավերի և կատերների խմբավորումը հակադիվերսիոն պաշտպանության զորավարժություն է անցկացրել Կասպից ծովի հյուսիսում: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայության ապրիլի 23-ի հաղորդագրությանը:

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

Համաձայն զորավարժության սցենարի՝ պայմանական հակառակորդի դիվերսանտները ստորջրյա տեղաշարժման միջոցներով ներթափանցում են նավերի տեղակայման տարածք և «Դաղստան» հրթիռային նավի իրանի ստորջրյա մասում պայթուցիկ սարք տեղադրում:

Զորավարժության մասնակիցների խնդիրն էր օգտագործելով ստորջրյա դիտարկման կայաններ՝ հայտնաբերել ու վնասազերծել դիվերսանտներին, կասեցնել ստորջրյա հետախուզա-դիվերսիոն գործողությունները:

Նշենք, որ Ռուսաստանի Կասպյան նավատորմիղի անձնակազմը մարտական պատրաստությունը ստուգելու նպատակով բաց ծովում վարժանքներ է անցկացրել նաև ապրիլի 22-ին: Վարժանքներին մասնակցել են դեսանտային նավեր, «Դաղստան» հրթիռային նավը, հակադիվերսիոն «Գրաչոնոկ» կատերը, ինչպես նաև օժանդակ նավեր։

Հավելենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի ՀՌՕ տարբեր ստորաբաժանումների ներգրավմամբ տարատեսակ զորավարժություններ է իրականացնում։ Մարտի սկզբից ՀՕՊ ստորաբաժանումներ, զորամասեր և միավորումներ խոշորամասշտաբ դաշտային վարժանքի են դուրս եկել։ Զորավարժություն էր մեկնարկել նաև Հարավային Օսիայում և Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաներում։

One response to “Կասպից ծովում հակադիվերսիոն պաշտպանության զորավարժություն է անցկացվել

  1. Pingback: Կասպից ծովում շարունակվում են ՌԴ ՌԾՈւ զորավարժությունները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *