Ամերիկացի 200 զինծառայող կմասնակցի Վրաստանում կայանալիք զորավարժությանը

Մայիսի 11-25-ը Վրաստանն ու ԱՄՆ-ն  համատեղ զորավարժություն են անցկացնելու Թբիլիսիի մերձակայքում գտնվող Վազիանի զորավարժարանում: ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի «Ազնիվ գործընկեր» (Noble partner) անունը կրող վարժանքների նպատակն է զարգացնել փոխգործակցությունը մասնակիցների միջև։ Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է Վրաստանում ամերիկյան դեսպանատունը։

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Վրաստանի ԶՈւ զինծառայող

Դեսպանատան տվյալներով վարժանքներին մասնակցելու համար Վրաստան են ժամանելու ամերիկացի 200 զինծառայող։ Նախապես հայտարարվել էր, որ ամերիկյան կողմից զորավարժությանը մասնակցելու են «Բրեդլի» զրահափոխադրիչների վաշտը և ԱՄՆ բանակի դեսանտայինների 1 վաշտ։ Ըստ ամենայնի, զինծառայողները վերոնշյալ ստորաբաժանումներից են։

Վրաստանյան կողմից մասնակցելու են զինված ուժերի 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը, 4-րդ մեխանիզացված բրիգադի 42-րդ գումարտակի 1-ին մեխանիզացված վաշտը, ինչպես նաև ռազմական ոստիկանության մի դասակ։

ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ձևավորվել են 2002 թվականին։ Դեռևս 2013թ. այն ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանը դիմել է ՆԱՏՕ-ին արագ արձագանքման ուժերի անդամ դառնալու համար։ Քննարկվում էր, որ Վրաստանը կարող է վերջինիս անդամակցել 2015 թվականից։

Հարկ է նշել նաև, որ ընթացիկ տարվա մարտի վերջին էլ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ամռանը ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ համատեղ զորավարժություն կանցկացնի։

Հավելենք, որ 2008-ին Բուխարեստում անցկացված՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում սկսվեց Վրաստանին անդամակցության պատրաստելու գործընթացը: 2014-ի սեպտեմբերի 4–5 Ուելսում ՆԱՏՕ գագաթաժողովի ժամանակ Վրաստանին առաջարկվեց համագործակցության նոր փաթեթ։ Այն ենթադրում է Վրաստանում համատեղ ռազմաուսումնական և լոգիստիկ կենտրոնների հիմնում։

Այժմ Վրաստանն ակտիվորեն փոփոխություններ է անում պաշտպանական համակարգում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելու և Ուելսում համագործակցության նոր փաթեթի պահանջներն իրականացնելու համար։ Այս տարի Դաշինքի մասնագետները մի քանի անգամ արդեն այցելել են Վրաստան և ուսումնասիրել են ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման հնարավոր վայրերը։ Այս պահին ուսումնական կենտրոնի հավանական «թեկնածուներից» են Վազիանի ռազմաբազայի տարածքն ու ազգային ուսումնական «Կրցանիսի» կենտրոնը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *