Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած 27 օրյա գործողությունների ավարտը վկայում են, որ գործողությունը տապալված է: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ Ապրիլի 22-ի առավոտյան մեկնարկած նիստի ժամանակ: Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Խորհրդարանի խոսնակը մեղադրել է Սաուդյան Արաբիային և կոալիցիայի մյուս անդամներին այս օրերին Եմենում զոհված բազմաթիվ քաղաքացիների, ավերված քաղաքների համար և վերջիններիս գործողությունները համեմատել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճի հետ:
Ապրիլի 21-ի ուշ երեկոյան՝ Սաուդյան Արաբիայի՝ «Վճռական փոթորիկ» գործողությունն ավարտելու մասին հայտնելուց հետո, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ իրենք ողջունում են այդ որոշումը և հավելել՝ Իրանը շատ ավելի վաղ էր բարձրաձայնել, որ Եմենում առկա խնդիրը ռազմական լուծում չունի:
Հատկանշական է, որ Իրանին մշտապես մեղադրել են Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու համար: Վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացրել նաև այն, որ ՄԱԿ-ի կողմից հութիներին զենք մատակարարելու մասին էմբարգոյի որոշման ընդունումից հետո Իրանը 9 նավ էր ուղարկել Եմենի ափերի մոտ, ինչը լուրջ կասկածներ էր առաջցրել, թե Թեհրանը կրկին փորձում է զինել Եմենի ապստամբներին: Ենթադրությունները կանխելու նպատակով ԱՄՆ-ն իր Theodore Roosevelt ամերիկյան ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց։ Ինչպես հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը, դա արվել է ապահովելու համար ծոցում ամերիկյան 8 նավերի՝ Պարսից ծոցից Կարմիր ծով անվտանգ նավարկությունը և վերահսկելու իրանական նավերի գործողությունները: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ փետրվարին իրանամետ հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Մարտի 24-ին Հադին ռազմական աջակցության խնդրանքով դիմել էր ՄԱԿ-ին: Սակայն չսպասելով ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշման՝ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ մարտի 26-ին ռազմական գործողություններ էին սկսել Եմենում։
Հատկանշական է, որ հութիների առաջխաղացումը արաբական կոալիցիան պայմանավորում է վերջիններիս տրամադրվող իրանական օժանդակությամբ: Արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին մարտի 29-ին հայտարարել է, թե հութիների շարքում կռվում է 25-30 հազար զինյալ: Վերջիններս օրական ստանում են 100 ամերիկյան դոլարի չափ գումար, որը ևս ֆինանսավորվում է Իրանից: Ասսերին նաև նշել է, թե երբ ֆինանսավորումը դադարեցվի, հութիներից շատերը կհրաժարվեն կռվել: Թեև թե´ հութիները, թե´ Իրանը հերքում են այս լուրերը, նշենք, որ իրանական իշխանություններին բազմիցս մեղադրել են Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար, քանի որ այս տարածաշրջանում վերջիններս փորձում են մեծացնել իրենց ազդեցություն։