Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկությանը, համաձայն որի, ապրիլի 21-ին Թարթառի շրջանում հայկական և ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների միջև եղել է զինված բախում, ինչի հետևանքով «հայկական կողմը տվել է 5 զոհ և 10 վիրավոր»։ Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում նշվում է.
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:
Հիշեցնենք, որ այսօր՝ նախքան Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրության տարածումը, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ապրիլի 21-ի առավոտյան` ժամը 05:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի Արցախի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ։
Շուրջ 15 րոպե տևած մարտերի արդյունքում հակառակորդը թողել է տարբեր տեսակի զինամթերք, կապի համար նախատեսված 1 կոճ, բժշկական ներարկիչներ և նահանջել ելման դիրքերը:
ՊԲ տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը մարտի ընթացքում տվել է առնվազն 1 զոհ և վիրավորներ։ Հայկական կողմը միջադեպի արդյունքում կորուստներ չի ունեցել։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 19-25 ապրիլի, 2015 | Ռազմ.info